Հայաստանն ու Կանադան ակտիվ համագործակցում են Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության շրջանակներում

Կանադայում ՀՀ դեսպան Լևոն Մարտիրոսյանը հոկտեմբերի 17-ին հանդիպում է ունեցել Օտտավայի քաղաքապետ Ջիմ Վաթսոնի հետ: Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, շնորհակալություն հայտնելով Օտտավայի քաղաքապետին ՀՀ դեսպանության հետ ծավալած սերտ համագործակցության համար` դեսպան Մարտիրոսյանը պատրաստակամություն է հայտնել հետագայում ևս շարունակել համատեղ աշխատանքները:

Ջիմ Վաթսոնն իր հերթին շնորհավորել է ՀՀ դեսպանին` պաշտոնի ստանձման կապակցությամբ, և հույս հայտնել, որ նրա գործադրած ջանքերի շնորհիվ հայ-կանադական երկկողմ հարաբերություններն առավել զարգացում կապրեն:

Զրուցակիցներն անդրադարձել են երկկողմ հարաբերությունների տարբեր ոլորտների` ընդգծելով դրանցում արձանագրված ձեռքբերումերը: Քննարկվել է Հայաստանի և Կանադայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի և Կանադայի 150-ամյակի առթիվ Կանադայում և Հայաստանում կազմակերպվող միջոցառումների ընթացքը:

Կարևորվել է տարբեր միջազգային կազմակերպությունների, մասնավորապես Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության շրջանակներում Հայաստանի և Կանադայի միջև ծավալված ակտիվ համագործակցությունը:

Մտքեր են փոխանակվել ապակենտրոնացված համագործակցության զարգացումն առավել խթանելու վերաբերյալ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում