Վահան Մարտիրոսյանը տրանսպորտային միջոցներ արտադրող իտալական ընկերության հետ քննարկել է համագործակցության հեռանկարները

Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը հոկտեմբերի 18-ին ընդունել է «Էլիտալիանա» (ELITALIANA) ընկերության ներկայացուցիչներին՝ գլխավոր գործադիր տնօրեն Ալեսանդրո Ջիուլիվիի գլխավորությամբ։

Ինչպես տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից, նախարարը, ողջունելով իտալացի գործարարների այցը Հայաստան, հույս է հայտնել, որ արդյունավետ համագործակցություն կձևավորվի։

«Էլիտալիանա» ընկերության մասնագետները նախարարին ներկայացրել են ընկերության գործունեության շրջանակները։ Նշվել է, որ այն ավելի քան 50 տարվա պատմություն ունի։ Սկզբնական շրջանում գործունեություն են ծավալել տարբեր բնագավառներում, իսկ 1980-ական թվականներից սկսած՝ մասնագիտացել են տրանսպորտային միջոցների արտադրության ոլորտում:

Ընդգծվել է արտադրված տեխնիկայի բարձր որակը, որը հաստատված է համապատասխան հավաստագրերով։ Հանդիպման ընթացքում քննարկվել են իտալական տրանսպորտային տեխնիկան Հայաստանում շահագործելու հնարավորությունները։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել երկու կողմերի մասնագետների մասնակցությամբ մշակել հնարավոր համագործակցության ծրագիր և այն առավել մանրակրկիտ քննարկել հաջորդ հանդիպման ընթացքում։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում