Ընտանիքը դարձել է իրավական-քաղաքական տերմին, իսկ եկեղեցին այդ դաշտում չի տեսնում ընտանիքը. Տ. Բագրատ Սրբազան

Տ. Բագրատ Սրբազանը ընտանեկան բռնությունը կանխարգելելու համար առանձին օրենք ընդունելու անհրաժեշտություն չի տեսնում։ Ըստ նրա, գործող օրենքներով՝ մասնավորապես Ընտանեկան օրենսգրքով, այդ հարցը կարելի է կարգավորել՝ առավելևս, որ Ընտանեկան բռնության մասին օրինագծում ներկայացվում է, ոչ թե այն, թե ինչպես պետք է կանխարգվի բռնությունը, այլ դրա հետևանքները։ Խնդրի լուծման ուղիներից մեկը մատնանշում է հենց ինքը՝ Տ. Բագրատ Սրբազանը, առաջարկելով կոռուպցիոն ռիսկեր պարունակող օրենքի փոխարեն խթանել բազմազավակությունն ու կրճատել աղքատությունը։

Տ. Բագրատ Սրբազանը նաև նկատում է, որ ընտանիքը դարձել է իրավական-քաղաքական տերմին, մինչդեռ եկեղեցին այն ընդունում է որպես աստվածաբանական, հասարակական, վարդապետական միավոր և այդ փաստաթղթի՝ օրինագծի հետ հարաբերվում է իր աստվածաբանությամբ։ Հայ Առաքելական եկեղեցու ներկայացուցիչն ընդհանրություններ է տեսնում Գենդերային հավասարության մասին օրենքի և Ընտանեկան բռնության մասին օրինագծի մեջ. երկու դեպքում էլ, ըստ նրա, շեշտը դրվում է կանանց իրավունքների վրա՝ այդպիսով աղճատելով մարդուն. «Ընտանեկան բռնության մասին օրինագիծը ներկայացում է կանանց իրավուքների լույսի ներքո և ոչ ոք չի ասում՝ ինչու է այդպես ներկայացվում։ Փողոցում ում էլ հարցնես, թե ինչի մասին է օրինագիծը, կասի տղամարդու՝ կնոջը ծեծելու մասին։ Եկեղեցու համար ընտանիքը երկուսի միությունը չէ, այլ Աստված ստեղծել է մարդուն՝ կնոջը և տղամարդուն, այսինքն՝ մարդը կազմում են կինն ու տղամարդը միասին»։ Տ. Բագրատ Սրբազանի համոզմամբ՝ չի կարելի ընտանիքում առաջնահերթություն տալ ընտանիքի այս կամ այլ անդամին՝ առավելևս երեխայի իրավունքները վեր դասել ծնողի իրավունքներից, ինչը փորձ է արվում անել քննարկվող օրինագծով։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում