Բաքուն էժանագին շահարկումների է գնում. Նալբանդյանն արձագանքել է Մամեդյարովին

Ժնևում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումից հետո Բաքուն էժանագին և պարզունակ շահարկումներ է անում, թե իբր պայմանավորվածություն է ձեռք բերվել գագաթաժողովից հետո ընդհանրապես չխոսել հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ` փորձելով խուսափել իր ապակառուցողական քաղաքականության պատասխանատվությունից։

Եվրոպայի հայկական չորրորդ համագումարի ընթացքում ունեցած ելույթում այս մասին ասել է ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը` պատասխանելով Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի վերջին հայտարարությանը: «Բաքուն փորձում է խուսափել իր ապակառուցողական քաղաքականության պատասխանատվությունից։ Առաջին՝ 2016թ. Արցախի դեմ Ադրբեջանի ապրիլյան ագրեսիայի հետևանքով բանակցային գործընթացին հասցված վնասը դեռ չի հաղթահարվել: Երկրորդ՝ Բաքուն հրաժարվում է իրականացնել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովներին ձեռք բերված համաձայնությունները, որոնք միտված էին խաղաղ գործընթացի առաջ մղման համար համապատասխան պայմանների ստեղծմանը: Ինչպես հայտնի է, Ադրբեջանը, նախկինում ևս, բազմիցս հետ է կանգնել պայմանավորվածություններից` հարցականի տակ դնելով, որ ընդհանրապես ունակ է իրականացնել դրանք։ Երրորդ՝ Ադրբեջանը հրաժարվում է վերահաստատել ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման սկզբունքները, որոնք ներկայացվել են համանախագահ երկրների կողմից որպես կարգավորման հիմք: Մասնավորապես, ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառում, ինքնորոշում և տարածքային ամբողջականություն: Չորրորդ՝ չնայած համանախագահների բազմաթիվ կոչերին՝ հարգելու 1994-95թթ. եռակողմ, անժամկետ զինադադարի համաձայնագրերը, Բաքուն շարունակում է կոպտորեն խախտել հրադադարը»,- մանրամասնել է ՀՀ արտաքին գործերի նախարարը:

Էդվարդ Նալբանդյանը շեշտել է` Հայաստանը համոզված է, որ պետք է ինտենսիվ բանակցություններ վարել, համոզված է, որ եթե Բաքուն կատարի համանախագահների կոչերը՝ անվերապահորեն հարգի հրադադարը, կյանքի կոչի նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունները, վերահաստատի իր հանձնառությունը համանախագահների կողմից առաջարկված հակամարտության կարգավորման սկզբունքներին, կառուցողական մասնակցություն բերի բանակցություններին, ապա հնարավորություն կստեղծվի առաջ մղել խաղաղ գործընթացը: Հայաստանը, համանախագահ երկրների հետ միասին, շարունակելու է ջանքերն ուղղված ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում