ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ նախագահի մրցանակի շնորհումը ծառայում է իր հիմնական նպատակին

Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ նախագահի մրցանակի մրցանակաբաշխության կազմկոմիտեի նախագահ Արմեն Գևորգյանը կարծում է, որ մրցանակաբաշխությունը իր հիմնական նպատակին ծառայում է:

Հոկտեմբերի 19-ին ՀՀ նախագահական նստավայրում կայացած ասուլիսի ընթացքում Արմեն Գևորգյանը նկատեց, որ, միգուցե, դեռևս չեն կարողացել հասնել նրան, որ Հայաստանն աշխարհում ճանաչելի լինի որպես ՏՏ ոլորտի առաջատար երկիր, սակայն հավելեց, որ արդեն իսկ հաջողություն է այն, որ ամեն տարի մրցանակին արժանացող համաշխարհային ճանաչման հասած անձինք ժամանում են Հայաստան, որտեղից տանում են լավագույն հուշերը ու դրանց մասին տարբեր առիթներով պատմում են: «Միայն այն հանգամանքը, որ այդ մարդիկ տարբեր առիթներով հիշում են Հայաստանի մասին, արդեն հաջողություն է: Ես այս ընթացքում հետևել եմ տարբեր հարթակներում նրանց ելույթներին, հարցազրույցներին, և նկատում եմ, որ նրանք բավականին հաճախ են հիշում Հայաստանում անցկացրած իրենց օրերի մասին»,- «ընդգծեց Գևորգյանը:

Արմեն Գևորգյանը Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման առումով կարևոր է համարում նաև ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ նախագահի մրցանակին արժանացած մարդկանց հանդիպումները ոլորտի երիտասարդ հայ մասնագետների հետ: Նրա խոսքով` երիտասարդ մասնագետները ոլորտի հսկաների հետ հանդիպումներից ոգեշնչվում են և ավելի նպատակադրված աշխատանք են իրականացնում` հաջողությունների հասնելու համար, ինչն էլ նպաստում է երկրում ՏՏ ոլորտի առաջընթացին: «Ուստի, ես կարծում եմ, որ այս մրցանակաբաշխությունը իր հիմնական նպատակին ծառայում է»,- ասաց նա:

Մրցանակաբաշխության կազմկոմիտեի նախագահը հիշեցրեց, որ ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ նախագահի մրցանակին արժանացած, «Հիտաչի» ընկերության նախկին գործադիր տնօրեն ճապոնացի Ցուգիո Մակիմոտոն Հայաստան այցելելուց հետո գիրք է գրել Հայաստանի և երկրի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ներուժի և հեռանկարների մասին, որի շնորհիվ ոչ միայն ճապոնացիները, այլ նաև այլ երկրների ժողովուրդները Հայաստանի մասին բավականին շատ տեղեկատվություն են ստացել:

2009 թ. հուլիսի 6-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ նախագահի մրցանակի հիմնադրման վերաբերյալ հրամանագիրը: Մրցանակը յուրաքանչյուր տարի շնորհվում է համաշխարհային ՏՏ ոլորտում բացառիկ ներդրումներ կատարած հեղինակավոր անհատի, ում ներդրումները ՏՏ ոլորտում բերել են կամ բերում են հեղափոխական կամ համանման բնույթ ունեցող զարգացումների, որոնք դրականորեն են անդրադարձել կամ ունեն ներուժ դրականորեն անդրադառնալ պատմության ընթացքի վրա: ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ նախագահի մրցանակին այս տարի արժանացել է Նեսթ Լաբս» ընկերության հիմնադիր, IPod ապրանքանիշի ստեղծող Թոնի Ֆադելը: Նախորդ տարիներին ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ նախագահի մրցանակին արժանացել են «Ինտել» կորպորացիայի նախկին գլխավոր գործադիր տնօրեն, տնօրենների խորհրդի նախագահ Քրեյգ Բարրետը, Apple Computer կորպորացիայի հիմնադիր Սթիվ Վոզնյակը, Synaptics ընկերության պատվավոր նախագահ, «Ֆեդերիկո և Էլվիա Ֆաջին» հիմնադրամի նախագահ Ֆեդերիկո Ֆաջին, Կիսահաղորդչային արդյունաբերության մասնագետների միության նախագահ, «Հիտաչի» ընկերության նախկին գործադիր տնօրեն Ցուգիո Մակիմոտոն, «Սիսկո Սիսթեմս» ընկերության զարգացման գծով նախագահ Մարիո Մացցոլան, «Կասպերսկի» ընկերության գլխավոր տնօրեն Եվգենի Կասպերսկին, Open-Root կազմակերպության գլխավոր տնօրեն, ինտերնետի նախահայրերից մեկը համարվող Լուի Պուզեն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում