Թուրքիայում ձերբակալվել է հայտնի գործարար և հասարակական գործիչ Օսման Կավալան

Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում հոկտեմբերի 18-ի լույս 19-ի գիշերը ձերբակալվել է «Անադոլու քուլթուր» (Անատոլական մշակույթ) հասարակական կազմակերպության ղեկավար մարմնի նախագահ, գործարար Օսման Կավալան:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական Diken պարբերականը:

Օսման Կավալան ձերբակալվել է, երբ վերադառնում էր Գերմանական Գյոթեի անվան համալսարանի ներկայացուցիչների հետ Գազիանթեփում տեղի ունեցած հանդիպումից:

Թուրքական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ ձերբակալությունից առաջ ոստիկանությունը գաղտնի հետաքննություն էր սկսել և Կավալայի ձերբակալության պատճառը դեռևս հայտնի չէ:

Օսման Կավալան ծնվել է 1957 թվականին Փարիզում: Ստամբուլի «Ռոբերտ» դպրոցն ավարտելուց հետո բարձրագույն կրթությունը ստացել Մանչեսթերի համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետում:

Նա եղել է տարբեր բիզնես եւ հասարակական կազմակերպությունների տնօրենների խորհրդի անդամ, ինչպիսիք են թուրք-լեհական գործարար խորհուրդը, թուրք-հունական գործարար խորհուրդը, Հարավարեւելյան Եվրոպայի ժողովրդավարության կենտրոնը և այլն:

Օսման Կավալան ներկայումս հանդիսանում է TESEV- ի տնօրենների խորհրդի, Բաց հասարակության ինստիտուտի խորհրդատվական խորհրդի, Պատմության հիմնադրամին աջակցելու եւ Դիարբեքիրի մշակութային ասոցիացիայի, ինչպես նաև Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի անդամ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում