«Հայկական ժամանակ». Սերժ Սարգսյանն ու Կարեն Կարապետյանը համաձայնության են եկել ապագա վարչապետի հարցում

«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ Սերժ Սարգսյանը Կարեն Կարապետյանին հայտնել է, որ ինքը մտադիր է 2018 թվականից հետո զբաղեցնել վարչապետի պաշտոնը և առաջարկել է, որ Կարեն Կարապետյանը այդ ժամանակ ստանձնի փոխվարչապետի պաշտոնը:

«Կարեն Կարապետյանն էլ, ըստ մեզ հասած լուրերի, փորձել է հակադարձել, թե իրեն խոստացել էին, որ 2018 թվականից հետո էլ է ինքը շարունակելու զբաղեցնել վարչապետի պաշտոնը, ինչին Սերժ Սարգսյանը հակադարձել է, թե Կարեն Կարապետյանն էլ խոստացել էր, որ ներդրումներ են լինելու… Ըստ մեր աղբյուրների՝ Կարեն Կարապետյանը սկզբում համաձայն չի եղել Սերժ Սարգսյանի առաջարկին ու ասել է, թե հրաժարական կտա, ինչին ի պատասխան Սերժ Սարգսյանն առաջարկել է մի քանի օր էլ լավ մտածել իր առաջարկի վերաբերյալ ու նոր որոշում կայացնել՝ հասկացնելով, որ չի համոզի Կարեն Կարապետյանին՝ հետ կանգնել հրաժարականից: Մի քանի օր անց արդեն Կարեն Կարապետյանը համաձայնել է Սերժ Սարգսյանի առաջարկին՝ նրա վարչապետությամբ զբաղեցնել փոխվարչապետի պաշտոնը»,-գրել է թերթը:

Այս լուրերի կապակցությամբ թերթը մեկնաբանություն է խնդրել վարչապետի մամուլի խոսնակ Արամ Արարատյանից: «Թույլ տվեք ինձ բամբասանքի մակարդակի լուրեր չմեկնաբանել: Այդ հարցին բազմիցս վարչապետն անդրադարձել է և իր մոտեցումը հայտնել է: Ես այստեղ ավելացնելու բան չունեմ»,-ասել է Արարատյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում