Կարապետյանն ու Մեդվեդևը կքննարկեն առևտրատնտեսական հարաբերություններն ու խոշոր ծրագրերի իրականացման ընթացքը

Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի՝ հոկտեմբերի 24-ին Հայաստան կատարելիք պաշտոնական այցի ընթացքում ՀՀ և ՌԴ կառավարությունների ղեկավարները քննարկելու են հայ-ռուսական երկկողմ առևտրատնտեսական հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը և Դմիտրի Մեդվեդևն անդրադառնալու են ներդրումային, արդյունաբերական և հումանիտար ոլորտներում փոխգործակցությանը, դիտարկելու են տարբեր ոլորտներում համատեղ խոշոր ծրագրերի իրականացման ընթացքը:

Ստորագրման է պատրաստվում միջկառավարական, միչգերատեսչական և միջտարածաշրջանային համագործակցությանն առնչվող փաստաթղթերի փաթեթը:

Միաժամանակ, հայտնի է դարձել, որ հոկտեմբերի 25-ին Եվրասիական միջակառավարական խորհրդի նիստում քննարկվելու է ընդլայնված օրակարգ, այդ թվում՝ Եվրասիական տնտեսական միության ֆունկցիոնալության գործնական ասպեկտները:

Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի կառավարությունների ղեկավարները կքննարկեն միության մաքսային տարածք ապրանքների անօրինական շրջանառության հակազդմանը, ինչպես նաև ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի շարժի սահմանափակումների բացառման ուղղությամբ 2018-2019 թվականների միջոցառումների ծրագրին առնչվող հարցեր, որոնց թվում են՝ նավթի, գազի և էլեկտրաէներգիայի միասնական շուկայի ձևավորումը:

Հայաստանի պաշտոնական այցի ընթացքում նախատեսվում է նաև ՌԴ վարչապետի հանդիպումը ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հետ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում