Գեղարքունիքում համապետական շաբաթօրյակին կմասնակցեն 6 890 մարդ, 244 միավոր տեխնիկա

Հոկտեմբերի 21-ին Գեղարքունիքի մարզում հայտարարված համապետական շաբաթօրյակին կմասնակցեն 537 կազմակերպություն, 6 890 մարդ, 244 միավոր տեխնիկա: Համապետական 3-րդ շաբաթօրյակի ընթացքում նախատեսված է փակել 5 աղբավայր: «Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ համապետական 3-րդ շաբաթօրյակի կազմակերպման եւ անցկացման նպատակով Գեղարքունիքի մարզպետի տեղակալ, Գեղարքունիքի մարզում «Մաքուր Հայաստան» ծրագրի իրականացման հանձնաժողովի նախագահ Կարեն Հակոբյանը խորհրդակցություն անցկացրեց մարզպետարանի պատասխանատու աշխատակիցների եւ հանձնաժողովի անդամների հետ՝ տալով համապատասխան հանձնարարականներ: Հանձնաժողովի անդամները հոկտեմբերի 21-ին լինելու են իրենց ամրացված համայնքներում՝ համապետական շաբաթօրյակի ընթացքը վերահսկելու նպատակով: Համաձայն հանձնարարականի՝ նախատեսվում է 2 աղբավայր փակել Վարդենիս քաղաքում, 2 աղբավայր՝ Ծովինար եւ 1 աղբավայր՝ Լուսակունք գյուղերում: 

Առանձնահատուկ ուշադրություն է դարձվելու հանգստյան գոտիներին մերձակա անտառային տարածքների, մայրուղիների ու մարզային նշանակության ճանապարհների եզրերի, պատմական հուշարձանների ու կազմակերպությունների շրջակայքում ու այլ հատվածներում առաջացած աղբակույտերի հեռացմանն ու ընդհանուր աղբավայր տեղափոխմանը: «Համապետական շաբաթօրյակին մասնակցելու են բոլոր համայնքապետարանների, մարզային ենթակայության հիմնարկների, հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների աշխատակիցները, մասնավոր ընկերություններ, հանրակրթական դպրոցների աշակերտները: Պետք է արվի հնարավորը, որպեսզի որոշ տեղերում առաջացած աղբակույտերը վերացվեն, տարածքներն առհասարակ մաքրվեն աղբից, փակվեն նախատեսված աղբավայրերը, իսկ համապետական շաբաթօրյակն անցկացվի արդյունավետ եւ նպատակային»,-շեշտեց մարզպետի տեղակալը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում