Ադրբեջանի իշխանությունները փորձում են տապալել բանակցային գործընթացը

«Մեկ ու կես տարի ընդմիջումից հետո Ժնևում կայացած Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը ցույց տվեց, որ բավական բարդ իրավիճակում է գտնվում բանակցային գործընթացը, եթե իհարկե, ընդհանրապես կարելի է խոսել բանակցային գործընթացի առկայության մասին»,-այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:

Քաղաքագետի կարծիքով հանդիպմանը հաջորդած ԱԳ նախարարիների և Մինսկի խմբի համանախագահների համատեղ հայտարարությունը փաստում է այն մասին, որ երկու երկրների ղեկավարները քննարկել են բանակցային գործընթացն առաջ տանելու հնարավորություններն ու սահմանային լարվածությունը նվազեցնելու հարցը:

«Սա վկայում է այն մասին, որ հանդիպման ընթացքում քննարկվել է քաղաքական այն օրակարգը, որը ժամանակին մշակվել է ապրիլյան պատերազմից անմիջապես հետո », – նշեց քաղաքագետը և հավելեց, որ ըստ էության, խոսվել է Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների և նաև այն մասին, թե ինչպես կարելի է հասնել նրան, որ Ադրբեջանը վերջապես սկսի կատարել այդ պայմանավորվածությունները:

Բանախոսը՝ անդրադառնալով հանդիպմանը հետևած մեկնաբանություններին նշեց, որ Ժնևում նույնպես Իլհամ Ալիևն իր վրա պարտականություններ է վերցրել՝ խոսելով այն մասին, որ նույնպես շահագրգռված է սահմանում լարվածության նվազմամբ և բանակցությունների առաջմղմամբ .

«Սակայն բանակցություններին հետևած քայլերը, որոնք կատարվում են Ադրբեջանի կողմից, ցույց են տալիս, որ այս անգամ նույնպես մենք գործ ենք ունենալու Ադրբեջանի՝ պայմանավորվածություններ մերժելու, այդ արատավոր պրակտիկայի հետ»,-ասաց Հրանտ Մելիք-Շահնազարյանը:

Ըստ քաղաքագետի Ադրբեջանը այսօր փորձում է խուսափել պատասխանատվությունից , բանակցային գործընթացը տապալելու իր այդ քաղաքական պատասխանատվությունից:
«Քաղաքական մակարդակում Բաքուն կամ ունակ չէ կատարելու ձեռք բերված պայմանավորվածությունները, կամ պարզապես չի հասկանում ՝ ինչի մասին է եղել վերջին երեք հանդիպումները և ինչ խնդիրներ էին քննարկվում այդ բանակցությունների սեղանի շուրջ»:

Վերջինս ընդգծեց, որ ավելի հավանական տարբերակ է, որ Ադրբեջանի իշխանությունները փորձում են տապալել բանակցային գործընթացը՝ լավ հասկանալով , թե՛ միջնորդների, և թե՛ հանաշխարհային ընկալումները՝ կոնֆլիկտի հետ կապված՝ փորձելով հնարավորինս սառեցնել ցանկացած քաղաքական պայմանավորվածություն ձեռք բերելու հնարավորություն:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում