Աշոտ Մանուկյանն անդրադարձել է Հայաստանում արևային էներգետիկայի զարգացման հնարավորություններին և հեռանկարներին

Հայաստանի էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանն ընդգծում է, որ Հայաստանն արևային էներգիայի գրեթե անսպառ պաշարներ ունի, սակայն ոլորտին ամբողջովին զարկ տալն այս պահին շահավետության առումով նպատակահարմար չէ: Հոկտեմբերի 20-ին լրագրողների հետ հանդիպմանը, անդրադառնալով Հայաստանում արևային էներգետիկայի զարգացման հնարավորություններին և սպառողների համար արևային էներգիան հասանելի դարձնելու ժամկետներին, Աշոտ Մանուկյանը ներկայացրեց պատճառը, թե ինչու Հայաստանն ամբողջովին զարկ չի տալիս արևային էներգետիկային:

«Այսօրվա գործող տեխնոլոգիաները մեզ հնարավորություն են տալիս արևային էներգիա օգտագործել արևային ժամերին: Այսինքն, արևը դուրս եկավ, մենք ունենք էներգիա, արևը մայր մտավ, մենք էներգիա չունենք: Հիմա պատկերացրեք, որ մենք կառուցել ենք 300 մեգավատ հզորությամբ արևային կայան, իսկ դա դժվար չէ և շատ թանկ չի նստում: Հիմա արևային ժամերին մենք ունենք 300 մեգավատ հզորություն, արևը մայր մտավ, սկսվեց գիշերը, ինչո՞վ ենք մենք փոխարինելու այդ էներգիան: Որպեսզի գիշերային ժամերին ունենանք էներգիա, միակ հնարավոր այլընտրանքները գազային կայաններն են: Այսինքն` գազային կայանները` տվյալ պարագայում «Հրազդան» ՋԷԿ-ը, մենք պարտավոր ենք պահել տաք պահուստներում, ինչը նշանակում է այրել գազը և չստանալ էլեկտրաէներգիա: Ցերեկային ժամերին մենք այրում ենք գազ, չենք ստանում էլեկտրաէներգիա, որպեսզի գիշերային ժամերին արևային կայանը փոխարինենք գազային կայանով: Այս դեպքում ստացվում է, որ արևային էներգիայից ստացված էլեկտրաէներգիայի գինը հասնում է ոսկու գնին կամ մի փոքր ավելի թանկ: Սա է պատճառը, որ մենք այսօր արևային էներգետիկային զարկ չենք տալիս»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` նշեց նախարարը:

Թե ինչո՞ւ են այլ երկրներ գնում այդ ճանապարհով, իսկ Հայաստանը` դեռ ոչ, նախարարն ընդգծեց, որ դրա պատասխանը ևս շատ պարզ է: «Մեր էներգետիկ համակարգը սահմանափակ է, մեր սպառումը կազմում է տարեկան 6.6 միլիարդ կիլովատ/ժամ: Մեր էներգետիկ համակարգն այսօրվա տեխնոլոգիական պայմաններում կարող է կլանել 70 մեգավատ արևային էլեկտրաէներգիա ` ոչ ավելի: Իսկ դրան, գիտեք, մենք արդեն զարկ տվել ենք` 55 մեգավատ հզորությամբ «Մարսկի -1» արդյունաբերական մասշտաբի արևային ֆոտովոլտային կայանի մրցույթը հայտարարվել է, 10 մեգավատ հզորության կայանի կառուցման համար լիցենզիան տվել ենք, ևս 5 մեգավատ հզորության կայանի տեղ ունենք, կարող ենք տալ»,- ասաց Մանուկյանը:

Նա հավելեց, որ Ավստրալիայում մի ընկերություն կառուցում է 100 մեգավատ հզորությամբ արևային կայան` կուտակիչ մարտկոցներով: Նրա խոսքով` մեր հիմնական խնդիրը հենց այդ կուտակիչ մարտկոցների բացակայությունն է: «Մենք կարողանում ենք ստանալ արևային էներգիան, սակայն չենք կարողանում այն կուտակել: Այսօր դրա լուծումը, կարծես, տրված է: Ավստրալիայում այդ արևային կայանի շահագործումը նախատեսված է 2017թ. վերջին կամ 2018թ. սկզբին: Եթե այն ունենա հաջողություն, ինչում ես կասկած չունեմ, մենք արդեն կտեսնենք, թե դրա կուտակումն ինչ արժեք կունենա: Ակնհայտ է, որ այս մարտկոցները կլինեն և առաջիկայում կտեղադրվեն, վստահ եմ, որ առաջիկա տարիներին դրանց գինը այնքան կընկնի, որ մեզ համար մատչելի և հասանելի կդառնա, և այդ ժամանակ մենք հնարավորություն կունենանք օգտագործել արևային էներգիան Հայաստանում, իսկ արևային էներգիան Հայաստանում գործնականում անսահմանափակ է: Մենք սկզբունքորեն ունենք գրեթե անսահմանափակ արևային էներգիայի պաշարներ»,- ընդգծեց Աշոտ Մանուկյանը:

Անդրադառնալով հարցին, թե ե՞րբ Հայաստանում արևային էներգիան հասանելի կլինի սպառողների համար, նախարարը մանրամասնեց, որ առաջիկա 4 տարիների ընթացքում կյանքի կկոչվի 70 մեգավատ արևային էներգիա կլանելու ծրագիրը, իսկ կուտակիչ մարտկոցները, նախարարի կարծիքով, գնի առումով Հայաստանի համար հասանելի կլինեն առաջիկա տասնամյակում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում