Օդի տարեկան միջին ջերմաստիճանը պարբերաբար կբարձրանա

Ստեղծելով իրական կլիմայից գրեթե չտարբերվող մոդելներ

Արթուր Գևորգյանն ԱԻՆ Հիդրոմետ ծառայության աշխատանքի տեմպին ու կարևորությանը ծանոթ է դեռևս 2006 թվականից։ Նրա աշխատանքային գործունեության մեկնարկը տրվեց հենց այդտեղ, երբ դեռ 4-րդ կուրսի ուսանող էր։ Եղանակի կանխատեսման բաժնի աշխատողներն ապագա աշխարհագրագետի հետ, սակայն, երկար աշխատելու հնարավորություն չունեցան։ Ասպիրանտական կրթությունը շարունակելու նպատակով Ս. Պետերբուրգ մեկնած Արթուրը թեկնածուական ատենախոսությունը պաշտպանելուց հետո, ճիշտ է, վերադարձավ Հիդրոմետ, բայց արդեն ուրիշ բաժին՝ Հիդրոօդերևութաբանության և Էկոլոգիայի գիտակիրառական կենտրոն։

Արթուրի ու կենտրոնի մյուս աշխատակիցների գլխավոր խնդիրն այստեղ կլիմայի փոփոխության գնահատումն է, ինչպես նաև, եղանակի կանխատեսման թվային մեթոդների հետազոտությունը՝ համապատասխան մոդելների կիրառմամբ. «Մեր նպատակն է ստանալ կլիմայի մոդել, որը առավելագույնս նման կլինի մեր կլիմային։ Մոդելները, որոնք փորձում ենք տեղայնացնել Հայաստանի համար, հիմնականում ներբեռնում ենք ինտերնետից։ Դրանք ամերիկյան, ռուսական կամ եվրոպական գիտական կենտրոններում մշակված մոդելներ են։ Ասեմ, որ և´ կլիմայի, և´ եղանակի մոդելավորումը հսկայական հաշվողական ռեսուրսներ և միջոցներ են պահանջում, ըստ այդմ՝ մեր հնարավորությունները խիստ սահմանափակ են։ Ուրախությամբ պիտի փաստեմ, որ վերջերս սկսել ենք համագործակցել ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի հետ, որոնց հաշվարկային ռեսուրսների շնորհիվ կարողանում ենք աշխատեցնել Հայաստանի համար եղանակի կանխատեսման բարձր լուծաչափի տարածաշրջանային թվային մոդելներ (2-3 կմ տարածական լուծաչափով): Այս առումով Հայաստանը համարվում է քիչ ուսումնասիրված տարածք»,-ասում է 2014 թվականից Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության կլիմայի հանձնաժողովի միջազգային փորձագետ հանդիսացող Արթուր Գևորգյանը։

Առանց այն էլ դժվար համարվող մոդելավորումը էլ ավելի է բարդանում Հայաստանի դեպքում, քանի որ մեր երկրի կլիմայական ու եղանակային պայմանները բավականին բարդ են, որը պայմանավորված է աշխարհագրական դիրքով և լեռնային ռելիեֆով, ինչն էլ, Արթուրի խոսքով, դժվարացնում է աշխատանքը. «Քանի որ Հայաստանը գտնվում է միջին լայնություններում և մթնոլորտային շրջանառությունն այնպիսին է, որ մենք ենթարկվում ենք հյուսիսից ու հարավից ներթափանցող օդային հոսանքների ազդեցությանը, ուստի կլիմայական ռեժիմը մեզ մոտ բավականին բարդ է և անկայուն։ Դրան գումարվում է նաև բարդ լեռնային ռելիեֆը, որով պայմանավորված՝ օդային հոսանքները լուրջ փոփոխությունների են ենթարկվում։ Այդ ամենը նպաստում է, որ մեզ մոտ դիտվեն տարվա չորս եղանակները և ունենանք բազմազան վերընթաց լանդշաֆտային գոտիներ՝ սկսած չոր կիսաանապատայինից (Արարատյան դաշտ) մինչև անտառային (Տավուշ) և ցուրտ լեռնային (Արագած, Գեղամա լեռներ)»։

Բնականոն օրինաչափության «հոսանքին հակառակ»

Կլիմայական պայմանների բազմազանությունը փաստող թարմ օրինակներն այնքան շատ են, որ դրանք նշելու համար զրուցակիցս ստիպված չէր շատ հետ գնալ. անցած տարվա ձմեռն ամենավառ օրինակն է։ Ջերմաստիճանի՝ ըստ բարձրության նվազելու բնականոն օրինաչափությունը, ի դժբախտություն մայրաքաղաքի ու Արարատյան դաշտի հարակից բնակավայրերի բնակչության, խախտվել էր։ Հանրապետության մյուս հատվածների հանդեպ համեմատաբար ցածրադիր Երևանում ու Արարատյան դաշտում ջերմաստիճանը շաբաթներ շարունակ միայն իջնում էր։ Այս հակատրամաբանական թվացող երևույթն աշխարհագրագետ Արթուր Գևորգյանն այսպես է բացատրում. « Յուրաքանչյուր 100 մետր բարձրության վրա օդի ջերմաստիճանը 0.6 աստիճանով սովորաբար նվազում է, բայց առանձին դեպքերում խախտվում է օրինաչափությունը, քանի որ ցուրտ օդը՝ լինելով ավելի խիտ և ծանր, լճանում է տեղանքի ցածրադիր և գոգավոր հատվածներում (ինչպիսին է Արարատյան դաշտը), ուստի և դիտվում են ավելի ցածր ջերմաստիճաններ։ Նման իրավիճակը կարող է լինել տևական և պահպանվի այնքան, մինչև որ չդիտվեն այլ օդային զանգվածների ներթափանցում մեր տարածաշրջան, որոնք ուղեկցվում են էական քամիներով մթնոլորտի ստորին շերտերում և ունակ են ցրել այդ լճացած սառը օդը։ Այս երևույթն Արարատյան դաշտում առավել խիստ է արտահայտվում ձմռան ամիսներին, և օդերևութաբանության մեջ դրան անվանում են ջերմաստիճանային ինվերսիա»։

Ցրտաշունչ ձմեռը սակայն եղանակի պատրաստած միակ անակնկալը չէր հանրապետության բնակչության՝ առավելապես երևանաբնակների համար. դրան պետք է հաջորդեր սաստիկ շոգ ամառը, ինչը ևս կանխատեսել էին օդերևութաբանները ու՝ ոչ միայն։ «Մենք հետազոտել ենք մարդկանց առողջության վրա ազդող առանձին կլիմայական էքստրեմալ երևույթների դինամիկան, և պարզվել է , որ ամռան սեզոնին դիտվող ջերմային ալիքները Երևանում հաճախակիացել են վերջին տասնամյակում, այսինքն՝ ուժեղ շոգ օրերը, երբ օրական ջերմաստիճանը իր միջինից 5 և ավել աստիճան բարձր է, դիտվել է հինգ և ավելի օր անընդմեջ։ Իսկ դա վտանգավոր է, հատկապես՝ սիրտ-անոդային հիվանդությունների առաջացման և սրման համար»,-վստահեցնում է Հիդրոօդերևութաբանական մոդելների մշակման և փորձարկման բաժնի պետ Արթուր Գևորգյանը և բերում մեր երկրի կլիմայական պայմանների բազմազանության մասին խոսող ևս մեկ օրինակ. «Վերջին 80-100 տարվա ընթացքում ամենաբարձր ջերմաստիճանն արձանագրվել է Մեղրիում՝ 43.7, իսկ ամենացածրը՝ Պաղակնում (Աշոցքի մոտակայքում)՝ -42 աստիճան»։

29.8 հազար քառակուսի մետր տարածքում +43.7-ից մինչև -42 ջերմաստիճանային տատանումը ոլորտի մասնագետը պայմանավորում է խիստ ցամաքային կլիմայով։ Թե նման կլիմայի դեպքում ինչ կարելի է սպասել 2100 թվականին, դժվար է ասել: Սակայն, հիմք ընդունելով, կլիմայի փոփոխության ներկա միտումները Հայաստանում և Կլիմայի փոփոխության փորձագետների միջկառավարական հանձնաժողովի վերջին՝ 5-րդ զեկույցի կողմից հաստատված մի շարք կլիմայական մոդելների արդյունքների գիտական վերլուծությունները, կլիմայի փորձագետը հայտնում է՝ սպասվում է ջերմաստիճանի աճ մինչև 21-րդ դարավերջ. միջին լավատեսական սցենարի դեպքում օդի տարեկան միջին ջերմաստիճանը Հայաստանում կբարձրանա մոտ 2-3 աստիճանով՝ միջինի նկատմամբ, իսկ վատատեսական սցենարի դեպքում այդ աճը կարող է հասնել մինչև 4 աստիճանի:

Լիլիթ ՊՈՂՈՍՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում