Հայերի դերակատարությունը կարեւորվում է լեհական պատմության մեջ. Էդվարդ Նալբանդյան

Լեհաստանում հայկական համայնքը հաստատուն կամուրջ է երկու բարեկամ երկրների միջեւ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարեց Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Լեհաստանի արտաքին գործերի նախարար Վիտոլդ Վաշչիկովսկու հետ Երեւանում կայացած համատեղ ասուլիսի շրջանակում: Նա հիշեցրեց, որ այս տարի լրանում է հայ-լեհական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակն եւ Լեհաստանում հայ համայնքի ձևավորման 650-ամյակը:

«Անցած դարերի ընթացքում Լեհաստանում հայերը եղել են արժանի քաղաքացիներ՝ որպես տաղանդավոր պետական, ռազմական գործիչներ, գիտնականներ, արվեստաբաններ: Տարվա ընթացքում բազմաթիվ միջոցառումներ են կազմակերպվել նվիրված Լեհաստանի հայությանը՝ ցուցահանդեսներ, գիտաժողովներ եւ այլն: Հայերի դերակատարությունը կարեւորվում է լեհական պատմության մեջ: Սենատում բացվել է «Հայերը Լեհաստանում» խորագրով ցուցահանդեսը: Այս ամենը առավել քան խորհրդանշում է հայ-լեհական դարավոր բարեկամությունը»,-նշեց Արտգործնախարարը՝ հավելելով, որ 2005 թվականին Լեհաստանի Սեյմը ընդունել է Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանաձեւ, իսկ 2015 թվականին համահեղինակել է Հայաստանի կողմից ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդում նախաձեռնած ցեղասպանության կանխարգելման մասին բանաձեւը:

Էդվարդ Նալբանդյանը նաեւ շեշտեց, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր՝ երկկողմ բարձրաստիճան այցելությունների, արդյունավետ քաղաքական երկխոսության ու ծավալուն իրավապայմանագրային դաշտի ստեղծման միջոցով երկու երկրներին հաջողվել է կայուն հիմքեր կառուցել հայ-լեհական հարաբերությունների համապարփակ ու բովանդակալից զարգացման համար եւ՛ երկկողմ, եւ՛ բազմակողմ մակարդակներում:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում