Աշոտ Մանուկյանը ներկայացրեց Իրանից գազն ուղիղ չգնելու պատճառները

Հայաստանի էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը պարզաբանել է, թե ինչու այս պահին Հայաստանը հարևան Իրանից գազն ուղղակի չի գնում: Հոկտեմբերի 20-ին լրագրողների հետ հանդիպմանը նախարարը նախ հիշեցրեց, որ Իրանի հետ Հայաստանն իրականացնում է «էլեկտրաէներգիա գազի դիմաց» ծրագիրը, որը չափազանց շահավետ ծրագիր է երկու կողմերի համար, որից հրաժարվելն ուղղակի մանկամտություն կլիներ, իսկ Իրանից գազը ուղիղ գնելու պարագայում Հայաստանը պետք է հրաժարվի այդ ծրագրի գոնե մի մասից: «Գազային պայմանագրերը չեն կնքվում 2 կամ 3 տարիների համար, որովհետև դրանք պետք է լինեն երկարաժամկետ, քանի որ գազային պայմանագիրը գազ արտադրող երկրի համար գազի արտադրության և բաշխման ծավալների երկարաժամկետ պլանավորման հիմքն է: Այսինքն, գազային պայմանագրերը կնքվում են տասնամյակների համար: Այսօր մենք Իրանի հետ իրականացնում ենք «էլեկտրաէներգիա գազի դիմաց» ծրագիրը, որը չափազանց շահավետ ծրագիր է երկու կողմերի համար, որից հրաժարվելն ուղղակի մանկամտություն կլիներ: Այդ ծրագիրը պետք է լինի և շարունակվում է: Եթե հիշում եք, ես ասել եմ, որ մեր կառավարության հիմնական խնդիրն է գազային կայաններում արտադրության արդյունավետության բարձրացումը: Եթե մենք կարողանում ենք մեկ միավոր էլեկտրաէներգիայից ավելի շատ միավոր գազ ստանալ, հետևաբար այդ գործարքի արդյունավետությունը մեզ համար բարձրանում է: Ծրագիրն արդեն իսկ արդյունավետ է մեզ համար, իսկ առաջիկա երկու տարիներին այդ արդյունավետությունը կհասնի 20 տոկոսով` ավելանալով 2-3 անգամ: Սա նշանակում է, որ մենք այդ ծրագրից հրաժարվելու իրավունք չունենք»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` մանրամասնեց նախարարը:

Նա հիշեցրեց, որ 2 տարի հետո շահագործման կհանձնվի Հայաստան-Իրան երրորդ բարձրավոլտ գիծը, ինչով մենք հնարավորություն կստանանք ավելի մեծ ծավալով էլեկտրաէներգիա արտահանել և ավելի մեծ ծավալով գազ ներկրել Հայաստան: «Այն ծավալը, որը մենք այս գործարքի շրջանակներում կներկրենք Հայաստան, ամբողջությամբ կլցնի խողովակաշարը: Իրան-Հայաստան գազատարն ավելի մեծ հնարավորություն չունի, այն ամբողջությամբ կօգտագործվի այս գործարքի շրջանակներում: Հիմա հարց` մենք ի՞նչ գնով գնենք Իրանի գազը, որպեսզի մեզ համար ձեռնտու լինի: Այսինքն, այն գազը, որ մենք ցանկանում ենք Իրանից գնել` բացի այս գործարքից, դրա դիմաց մենք այս գործարքի շրջանակներում ստացվող գազի ծավալները պիտի նվազեցնենք, մնացած գազը գնենք ուղղակի, իսկ այդ ուղղակի գնվող գազի գինը պետք է լինի ավելի ցածր, քան վերահաշվարկով գործարքի ընթացքում ստացվող գազն է: Սա նույնիսկ տեսականորեն բացառված է»,- պարզաբանեց Աշոտ Մանուկյանը:

Նախարարը հայտնեց, որ ինքը Իրանի գազի և նավթի նախարարի հետ հանդիպման ընթացքում ասել է, որ Հայաստանը պատրաստ է Իրանից ուղղակի գազ գնել, եթե իրենք համաձայն են ավելի ցածր գին առաջարկել, քան «Էլեկտրաէներգիա գազի դիմաց» ծրագրով Հայաստանը ստանում է:

Աշոտ Մանուկյանը նաև վստահեցրեց, որ Հայաստանը Իրանից ուղղակի գազ կգնի նաև, եթե դրա գինն ավելի ցածր լինի ռուսական գազի գնից: Նրա խոսքով` այստեղ պետք է նաև տարբեր գործոններ հաշվի առնել: «Օրինակ, Իրան-Հայաստան գազամուղն ավարտվում է Արարատում, և մենք պետք է Արարատում գազի այնպիսի ճնշում ապահովենք, որ կարողանանք գազը փոխանցել Վանաձոր և Գյումրի: Իրանական կողմում այսօր կոմպրեսորային կայան չկա, որը կապահովի այդ ճնշումը: Այսինքն, մենք եթե այդ գազը վերցնենք էլ, չենք կարող այն Վանաձոր և Գյումրի հասցնել: Նաև ջերմատվության խնդիր կա: Միջին ջերմատվությունը, եթե համեմատում ենք, դրանք տարբեր են. ակնհայտորեն ռուսական գազի ջերմատվությունը շատ ավել բարձր է իրանական գազից: Հաշվի առնելով նաև այս գործոնները` մենք կգնենք իրանական գազը, եթե դրա գինը ցածր լինի ռուսական գազի գնից»,- եզրափակեց նախարարը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում