Անկարայի հետ հարկավոր է «շատ կոշտ երկխոսություն» վարել. Մակրոն

Եվրամիությունը հարաբերությունների վերջնական խզման չի ձգտում Թուրքիայի հետ, սակայն տվյալ փուլում Անկարայի հետ «կոշտ եւ պահանջկոտ երկխոսություն» վարելու անհրաժեշտություն է տեսնում:

Այդ մասին հոկտեմբերի 20-ին Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ ամփոփելով ԵՄ-ի գագաթնաժողովի արդյունքները: «Մենք շատ հագեցած բանավեճ ունեցանք Թուրքիայի շուրջ:

Մենք համաձայնեցինք, որ մեզ հարկավոր է խուսափել Անկարայի հետ խզումից եւ միաժամանակ շատ կոշտ ու պահանջկոտ երկխոսություն վարել»,- ասել է ֆրանսիական պետության ղեկավարը: Նա նաեւ նշել է, որ Եվրոպան մտադիր է վերանայել իր հարաբերությունները թուրքական կողմի հետ՝ հաշվի առնելով այդ երկրի ներքաղաքական իրադրության մեջ տեղի ունեցած արմատական փոփոխությունները:

«Այսպիսով, մենք պետք է Եվրամիության եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների բովանդակությունը համապատասխանեցնենք Թուրքիայում կատարված փոփոխություններին, որտեղից մտահոգիչ ազդանշաններ են ստացվում»,-հավելել է նախագահը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում