ՄԻՊ-ի աշխատակազմի թունիսցի հյուրերը այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի՝ խոշտանգումների կանխարգելման ոլորտի հայաստանյան փորձն ուսումնասիրելու նպատակով Հայաստանում են Թունիսի Հանրապետության Խոշտանգումների դեմ պայքարի ազգային մարմնի նախագահի տեղակալ Նաբիհա Քեֆի եփ Բադրին և գլխավոր քարտուղար Դհիաէդդին Մուրուն:

Ինչպես տեղեկացրին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից, Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի և Պաշտպանի աշխատակազմի խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության աշխատակիցների ուղեկցությամբ նրանք հոկտեմբերի 20-ին այցելել են ՀՀ արդարադատության նախարարության «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ: Քրեակատարողական հիմնարկում հյուրերը ծանոթացել են Պաշտպանի աշխատակազմի կողմից իրականացվող մշտադիտարկման եղանակներին, հետևել խցի մակերերսը, լուսավորությունը, խոնավությունն ու ջերմությունը չափող հատուկ սարքերի աշխատանքին:

Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող ծրագրի շրջանակում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես խոշտանգումների կանխարգելման ազգային մեխանիզմի գործունեության փորձը, ներդրման նպատակով առաջարկվել է այլ երկրների: Հուլիսին այդ նպատակով Երևան էին այցելել Մարոկկոյի Թագավորության Մարդու իրավունքների ազգային կենտրոնի ներկայացուցիչները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում