Ղազախստանում ավարտվել է ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի մասնակցությամբ զորավարժությունը

Ղազախստանում տեղի է ունեցել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խաղաղապահ ուժերի «Անխախտ եղբայրություն-2017» զորավարժության եզրափակիչ փուլը: Ինչպես հաղորդում է Ղազախստանի պաշտպանության նախարարության պաշտոնական կայքը, զորավարժությունների ընթացքում մշակվել են ՀԱՊԿ Հավաքական խաղաղապահ ուժերի ձևավորման ու միջազգային խաղաղապահ կազմակերպությունների հետ փոխգործակցության հարցերը։

Նաև մշակվել են տեղանքի ականազերծման, ռադիացիոն, քիմիական ու կենսաբանական հետախուզությունների իրականացման, հրդեհների հետեւանքների վերացման, զանգվածային անկարգություններին հակազդելու, հումանիտար բեռներն ուղեկցելու ու ապօրինի զինված խմբավորումները ոչնչացնելու առաջադրանքները։

Այս զորավարժությունների առանձնահատկությունն այն է եղել, որ գործարկվել է ավիացիոն բաղադրիչը, այդ թվում՝ անօդաչու թռչող սարքերը, նաև հոգեբանական պայքարի և տեղեկատվական հակազդման ստորաբաժանումները։ Զորավարժությունների ընթացքին հետևել է ՄԱԿ ոստիկանության դեպարտամենտի հասարակական կարգի հարցերով խորհրդական Ջորջիո Ջիայմոն։

ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի մասնակցությամբ զորավարժությունը մաս էր կազմում օպերատիվ-ռազմավարական «Մարտական եղբայրություն-2017» լայնամասշտաբ զորավարժությունների, որի եզրափակիչ հատվածը ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման ուժերի մասնակցությամբ տեղի կունենա Տաջիկստանում նոյեմբերի 10-20-ը: Ղազախստանում անցկացված զորավարժությանը մասնակցել են նաև Հայաստանի զինված ուժերի խաղաղապահ բրիգադի զինծառայողները:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում