ՌԴ Արմավիր քաղաքում սպանության կասկածանքով երկու հայի նկատմամբ հետախուզում է հայտարարվել

ՌԴ Կրասնոդարի երկրամասի Արմավիր քաղաքում չգործող սրճարանի տարածքում հոկտեմբերի 19-ի երեկոյան երկու տղամարդ անսպասելի կրակ են բացել երեք երիտասարդների ուղղությամբ: Ինչպես հաղորդում է Kuban.kp.ru-ն («Կոմսոմոլսկայա պրավդա Կուբան»), կրակոցների հետևանքով երիտասարդներից երկուսը մահացել են, մեկը ծնկի հատվածում հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:

ՌԴ Քննչական կոմիտեի Կրասնոդարի երկրամասի քննչական վարչությունը հաստատել է չգործող սրճարանի տարածքում կրակոցների լուրը, ինչի հետևանքով երկու երիտասարդներ զոհվել են: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, ընթանում է նախաքննություն: Նշվել է, որ կրակ բացելուց հետո տղամարդիկ նստել են Hyundai Solaris մեքենան ու փախել դեպքի վայրից։ Վարկածներից մեկի համաձայն՝ կրակողը եղել է սնանկացած գործարար, որն այդ քայլով փորձել է լուծել խնդիրները։

Քննչական կոմիտեից այլ մանրամասներ չեն հայտնել, սակայն թերթի տվյալներով կրակոցների հետևանքով գլխի հատվածում ստացած հրազենային վնասվածքի հետևանքով տեղում մահացել է Միսակ անունով 27-ամյա երիտասարդը, իսկ Ռուսլան անունով 28-ամյա երիտասարդը մահացել է հիվանդանոցում: Ռուսլան անունով 38-ամյա անձին ծնկի հատվածում հրազենային վնասվածքով տեղափոխել են հիվանդանոց:

Կասկածյալների հանդեպ հետախուզում է հայտարարվել։ Որոնվում են 1975թ. ծնված Սերգեյ Սահակի Ելիզարյանցն ու 1974թ. ծնված Գագիկ Հենրիկի Եսայանը։ Հետագայում կասկածյալների թվին է ավելացել նաև Դենիս Շևչենկոն։ Նշվում է, որ Սերգեյ Ելիզարյանցը գլխավորել է անշարժ գույքի վարձակալությամբ զբաղվող ընկերություն և ունեցել հարկերի վճարման հետ կապված պարտքեր։

ՌԴ Քննչական կոմիտեի Կրասնոդարի երկրամասի քննչական վարչության մամուլի ծառայության ղեկավար Նատալյա Սմյացկայան ընդգծել է, որ քննիչները փորձում են պարզել հանցագործության դրդապատճառները, փորձագետները փորձում են պարզել, թե ինչ զենքից են արձակվել կրակոցները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում