Անցած չորս տարիներին համաշխարհային տնտեսության մեջ ՉԺՀ-ի տարեկան միջին ներդրումը գերազանցել է 30 տոկոսը

Անցած չորս տարիներին Չինաստանի տնտեսությունը տարեկան աճել է միջինը 7,2 տոկոսով, համաշխարհային տնտեսության մեջ նրա տարեկան միջին ներդրումը գերազանցել է 30 տոկոսը:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Սինհուա» գործակալությունը, հայտնել է ՉԺՀ-ի Զարգացման եւ բարեփոխումների գործերի պետական կոմիտեի նախագահ Հե Լիֆենը՝ ելույթ ունենալով Չինաստանի կոմկուսի՝ Պեկինում ընթացող 19-րդ համագումարի շրջանակներում կայացած մամուլի ասուլիսում:

Հե Լիֆենն ասել է, որ այս տարի մոտավորապես 6,5 տոկոսի չափով չինական տնտեսության աճի նպատակը կարելի է հաջողությամբ իրագործել, եւ հնարավորություն կա հասնելու ավելի բարձր արդյունքի: Ընթացիկ տարում ՉԺՀ-ի տնտեսության ընդհանուր ծավալը կգերազանցի 80 տրլն յուանը (ԱՄՆ-ի 1 դոլարը հավասար է 6,6 յուանի):

Հե Լիֆենը նշել է Չինաստանի տնտեսական կառուցվածքի մշտական օպտիմալացումը եւ վերջնական սպառման ու ծառայությունների ոլորտի դերի բարձրացումը չինական տնտեսության աճի ապահովման գործում: Պաշտոնյայի խոսքով՝ Չինաստանի քաղաքներում զբաղվածների թիվն արդեն չորս տարի անընդմեջ ավելացել է ավելի քան 13 միլիոնով: 2017 թվականի հունվար-սեպտեմբերին այն աճել է 10,97 մլն մարդով: Հե Լիֆենը հայտնել է, որ վերջին չորս տարիներին 55 միլիոնից ավելի չինացիներ ազատվել են աղքատությունից: Այս տարի երկրում կարիքավորների թիվը կկրճատվի եւս ավելի քան 10 միլիոնով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում