Արա Բաբլոյանը պարգեւատրել է Ռաֆայիլ Զինուրովին

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը միջխորհրդարանական համագործակցության զարգացման բնագավառում ակտիվ մասնակցություն ցուցաբերելու եւ հայագիտական գործունեություն ծավալելու համար հոկտեմբերի 23-ին ՌԴ Դաշնային խորհրդի անդամ, ՀՀ Ազգային ժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի անդամ Ռաֆայիլ Զինուրովին պարգեւատրել է ՀՀ Ազգային ժողովի նախագահի հուշամեդալով: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

Շնորհավորելով Ռաֆայիլ Զինուրովին՝ Արա Բաբլոյանը նշել է. «Դուք ոչ միայն Հայաստանի բարեկամն եք, այլեւ հայոց պատմության եւ հայ մշակույթի մեծ գիտակ եք: Ձեր «Հայաստան. հազարամյակների ուղի» գիրքը մեր երկրի պատմության յուրահատուկ չափածո նկարագիրն է՝ հնագույն ժամանակներից մինչեւ մեր օրերը: Շնորհակալ ենք հայ ժողովրդի նկատմամբ տածած անկեղծ սիրո համար»:

Ռաֆայիլ Զինուրովը ՀՀ Ազգային ժողովի նախագահին շնորհակալություն է հայտնել հայերենով եւ նվիրել իր հեղինակած գիրքը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում