FAST-ը կրթաթոշակ կտրամադրի բնական գիտությամբ զբաղվող հայ ասպիրանտներին եւ հայցորդներին

Հայաստանի գիտության եւ տեխնոլոգիաների հիմնադրամը (FAST) մեկնարկում է կրթաթոշակային ծրագիր` աջակցելու ասպիրանտներին եւ հայցորդներին բնական գիտությունների կամ ճարտարագիտության ոլորտներում գիտությունների թեկնածուի աստիճան ստանալու նպատակով ՀՀ առաջատար բուհերում հետազոտական աշխատանք կատարելու համար: Լրագրողների հետ հանդիպմանը Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) գործադիր տնօրեն Արմեն Օրուջյանը նշեց, որ կրթաթոշակի ծրագիրը ֆիզիկայի, մաթեմատիկայի, կենսաբանության, քիմիայի եւ ճարտարագիտության ոլորտներում սովորողների լավագույն 10%-ի համար է լինելու: «Մենք այս քայլով ցանկանում ենք, որ երիտասարդները կենտրոնանան գիտական հետազոտությունների վրա եւ ստիպված չլինեն աշխատանք փնտրել»,-ասաց նա՝ հավելելով, որ Հայաստանում գիտության մակարդակը պետք է հասցնել համաշխարհայինի:

ՀՀ կրթության և գիտության նախարար Լեւոն Մկրտչյանի խոսքով` Հայաստանի գիտության եւ տեխնոլոգիաների հիմնադրամի հետ համագործակցությունը նպաստավոր պայմաններ կստեղծի երիտասարդների համար: «Մենք առաջիկայում երիտասարդների մոտ լուրջ գիտությամբ զբաղվելու մետիվացիա կձեւավորենք, որովհետեւ ՀՀ-ն այլընտրանք չունի»,-ասաց նա:

Նախարարը համոզմունք հայտնեց, որ բարձրագույն կրթական համակարգը պետք է արմատապես փոխել եւ ձեւավորել գիտական համակարգի ցանցը: «Լավ որակ ունենալու համար երկիրը պետք է ապահովի միջին եվրոպական կարգի բարձրագույն կրթություն»,-ասաց Լեւան Մկրտչյանը:

Հայաստանի գիտության եւ տեխնոլոգիաների հիմնադրամի կենսաթոշակային ծրագիրը մեկնարկել է 2017 թվականի հոկտեմբերի 19-ին: 2018-2019 թվականների ուսումնական տարվա համար հիմնադրամը հայտարարելու է հինգ ամբողջական կրթաթոշակ` յուրաքանչյուրը 7000 ԱՄՆ դոլարի չափով, և25 մասնակի կրթաթոշակ` 3500 ԱՄՆ դոլարի չափով, ինչպես նաեւ կին ասպիրանտների եւ հայցորդների համար` 10 ամբողջական կրթաթոշակ` յուրաքանչյուրը 7000 ԱՄՆ դոլարի չափով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում