ԱԺ-ն մերժեց «Ելք»-ի նախագիծը խորհրդարանի լիագումար նիստերի օրակարգ ընդգրկելու հարցը

Ազգային ժողովը մերժեց «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին «Ելք» խմբակցության նախագիծը խորհրդարանի լիագումար նիստերի օրակարգում ընդգրկելու հարցը: Նախագիծն Ազգային ժողովի լիագումար նիստերի օրակարգում ընդգրկելու հարցին կողմ քվեարկեց 35, դեմ՝ 56, ձեռնպահ՝ 6 պատգամավոր:

ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը նշեց, որ օրենքի 48-րդ հոդվածի երկրորդ մասը նախատեսում է առանց հատուկ թույլտվության ձերբակալվածներին և կալանավորվածներին պահելու վայր անարգել մուտքի և ելքի իրավունք ունեցողների ցանկը, որի մեջ են նաև Ազգային ժողովի պատգամավորները: «Սակայն երկար տարիներ այս դրույթի կիրառման հետ կապված խնդիրներ են առաջանում: Մասնավորապես, քրեակատարողական ծառայությունը սահմանափակում է Ազգային ժողովի պատգամավորների իրավունքը: Շատ հաճախ պատգամավորներին արգելում են ազատ ելք ու մուտք ունենալ քրեակատարողական հիմնարկ` պատճառաբանելով, թե նախաքննության մարմինն արգելել է այս կամ այն կալանավորի կամ ձերբակալված անձի հետ տեսակցությունները»,- ընդգծեց Փաշինյանը:

Նա հավելեց, որ նախագծով առաջարկվում է հստակեցնել իրավիճակը և արձանագրել, որ «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածում նշված անձանց շփումը ձերբակալված կամ կալանավորված անձանց հետ որևէ պարագայում չի կարելի արգելել։ Օրենքի ընդունման արդյունքում ԱԺ պատգամավորների գործունեության առաջ վերոնշյալ ձևով հարուցվող խոչընդոտը կվերացվի, իրավակիրառ պրակտիկայում կվերանա օրենքի տարաբնույթ մեկնաբանության հնարավորությունը, ձերբակալված կամ կալանավորված անձինք իրենց իրավունքները առավել արդյունավետ պաշտպանելու հնարավորություն կունենան։

Հարակից զեկուցող, պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Մախմուդյանն ընդգծեց, որ քրեակատարողական հիմնարկ մուտք գործող պատգամավորի պարտականությունն է տեսնել և ուսումնասիրել քրեակատարողական հիմնարկում պահվող անձանց սանիտարա-հիգիենիկ պայմանները, դեղորայքի ժամկետայնության, սննդի որակի և այլ խնդիրներ: Նա հավելեց, որ քրեակատարողական հիմնարկում պատգամավորը կկարողանա հաղորդակցվել անձանց հետ, ովքեր կարող են իրենց դժգոհությունները փոխանցել պատգամավորներին, իսկ նրանք, օգտվելով իրենց սահմանադրա-իրավական մոտեցումից, ձեռնամուխ կլինեն նրանց խնդիրները լուծելուն: «Այս նախագծով հիմնական խնդիրը հետևյալն է: Դիցուք, Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում պահվում է 1000 կալանավոր և դատապարտյալ: Նրանց մեջ պայմանականորեն կարող են լինել 20-ը, որոնց մասով քննիչն ունի բոլոր տեսակի տեսակցությունները սահմանափակող որոշում: Պարոն Փաշինյանի հեղինակած նախագծով առաջարկվում է պատգամավորներին թույլ տալ նաև տեսակցել այն անձանց հետ, որոնց մասով քննիչն ունի որոշում»,- ընդգծեց Մախմուդյանը:

Նա հավելեց, որ կիսում Նիկոլ Փաշինյանի մտահոգությունը, երբ քրեակատարողական հիմնարկների ղեկավարներն ընդհանրապես արգելում են պատգամավորների մուտքը քրեակատարողական հիմնարկի տարածք միայն նրա համար, որ այնտեղ պահվում են մի քանի կալանավորներ կամ դատապարտյալներ, որոնց նկատմամբ քննիչը տեսակցությունները սահմանափակելու որոշում ունի: Մախմուդյանն ընդգծեց, որ այդ խնդիրը լուծելու համար կարելի է տեսակցությունների սահմանափակում ունեցող անձանց տեղափոխել մի առանձին խուց և պատգամավորին թույլ տալ անարգել մուտք գործել քրեակատարողական հիմնարկի տարածք:

Հետևեք մեզ նաև Telegram-ում