Մխիթարյան միաբանության հաստատման 300-ամյակին նվիրված գիտաժողովում կվերլուծեն սուրբ Ղազար կղզում ստեղծված հսկայածավալ ժառանգությունը

«Վենետիկի Մխիթարյան միաբանություն-300» խորագրով միջազգային գիտաժողովում ըստ ուղղությունների կվերլուծեն միաբանության թողած հսկայածավալ ժառանգությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Մխիթարյան միաբանության հաստատման 300-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում հոկտեմբերի 24-ին կայացած երկօրյա գիտաժողովի բացմանը լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

«Մխիթարյան միաբանությունում կուտակված են գիտական, կրթական, մշակութային հսկայածավալ նյութեր: Գումարելով այս համաժողովը` մենք փորձելու ենք ըստ ուղղությունների որոշակիորեն վերլուծել այն գիտական ժառանգությունը, որ թողել են Մխիթարյան հայրերը: Ուղղություններից առաջինը լեզվագիտության, բանասիրության ոլորտն է: Ամենաանաղարտ արևմտահայերենը պահպանել և զարգացրել են Մխիթարյան հայրերը»,- ասաց նախարարը:

Երկրորդ ուղղությունը պատմությունն է: Պատմական խոր վերլուծություններ են կատարել Մխիթարյանները:

Երրորդ ուղղությունը մշակույթն է: Մշակույթը եղել է Մխիթարյանների գլխավոր զենքը, որի միջոցով նրանք ներթափանցել են Եվրոպա:

«Կարևոր են նաև տասնյակ հատորներ թողած հետազոտողների ուսումնասիրությունները: Ունենք բազմաթիվ նյութեր, որոնք դեռ չի ուսումնասիրել ոչ մի գիտնական»,- նկատեց Հրանուշ Հակոբյանն ու ընդգծեց` անհրաժեշտ է տասնյակ նման գիտաժողովներ գումարել:

«Սուրբ Ղազար կղզին հայ ժողովրդի համար մեծ նշանակություն ունի Մխիթարյան միաբանության շնորհիվ: Միաբանությունն իր գործունեությունը ծավալում է գրեթե բոլոր հայկական գաղթօջախներում: Երջանիկ և երախտապարտ եմ, որ Մայրավանքի հիմնադրման տարելիցի արարողությունը մեծ շուքով տոնվում է Հայաստանում պետական լայն մասնակցությամբ»,- ասաց Վենետիկի Մխիթարյան միաբանության քահանայապետական պատվիրակ Լևոն արք. Զեքիյանն ու հավելեց՝ հոբելյանական տարում իրենց առաքելությունը մեծ ժառանգությունն ըստ արժանվույն պահպանելն է:

Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանի կարծիքով՝ Մխիթարյան միաբանությունը սխրանք է գործել և սերունդներին փոխանցել է հայ ժողովրդի մշակույթի, պատմության արդյունքները, ինչպես նաև հարստացրել դրանք:

ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը շեշտեց այն հանգամանքը, որ չկա մի ոլորտ, որտեղ Մխիթարյաններն իրենց խոսքն ասած չլինեն:

Գիտաժողովում զեկուցումներով հանդես կգան գիտական կառույցների ներկայացուցիչներ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում