Դմիտրի Մեդվեդևը հաղթահարված է համարում Հայաստանի ու Ռուսաստանի միջև տնտեսական բարդությունները

Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ տնտեսական դժվարությունների գիծը հաղթահարված է, եւ ապրանքաշրջանառությունը վերականգնվում է: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ հանդիպմանն այս մասին ասաց ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը, ով պաշտոնական այցով Հայաստան է ժամանել հոկտեմբերի 24-ին: Նա հույս հայտնեց, որ ներդրումային համագործակցության դեպքում եւս կգրանցվի լավ արդյունք:

«Հունվար-օգոստոս ամիսներին Հայաստանի և Ռուսաստանի միջեւ երկկողմ առևտրաշրջանառության ծավալն աճել է 30 տոկոսով: Ամենակարեւորն այն է, որ վերջին շրջանում մեր երկրները կարողացել են ձեւավորել փոխգործակցության ճիշտ մոդել ոչ միայն երկկողմ, այլեւ բազմակողմ մակարդակում, այն է ԵԱՏՄ շրջանակում»,-ասաց Դմիտրի Մեդվեդեւը եւ հավելեց, որ գրանցած արդյունքները հենց ապացուցում են, որ երկու երկրները ճիշտ ուղու վրա են:

Հոկտեմբերի 24-ին Հայաստան ժամանած ՌԴ վարչապետին «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել է Կարեն Կարապետյանը: Դիմավորման պաշտոնական արարողությունից հետո Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավարն ուղևորվել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, որից հետո ժամանել ՀՀ կառավարություն:

Դմիտրի Մեդվեդևի գլխավորած պատվիրակության կազմում են ՌԴ կառավարության ղեկավարի առաջին տեղակալ Իգոր Շուվալովը, Ռուսաստանի կապի և զանգվածային հաղորդակցության նախարար Նիկոլայ Նիկոֆորովը, էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը, տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովը, գյուղատնտեսության նախարար Ալեքսանդր Տկաչովը, Սարատովի նահանգապետ Վալերի Ռադաևը, Էկոլոգիական, տեխնոլոգիական և ատոմային վերահսկողության դաշնային ծառայության ղեկավար Ալեքսեյ Ալյոշինը, «Գազպրոմ» ՀԲԸ վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերը, պաշտոնատար այլ անձինք:

Հայաստանի պաշտոնական այցի ընթացքում նախատեսվում է նաև ՌԴ վարչապետի հանդիպումը ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հետ:

Հայտնի է, որ հոկտեմբերի 25-ին Երևանում կայանալու է Եվրասիական միջակառավարական խորհրդի նիստը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում