Կատալոնիայի ղեկավարին առաջարկել են Իսպանիայի կառավարության հետ բանավիճել խորհրդարանում

Իսպանիայի Սենատը (խորհրդարանի վերին պալատը) Կատալոնիայի ղեկավար Կառլես Պուչդեմոնին առաջարկել է հոկտեմբերի 26-ին կամ 27-ին պիրենեյան թագավորության կառավարության անդամների հետ բանավեճ անցկացնել խորհրդարանի նիստում:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 24-ին մամուլի ասուլիսում հայտարարել է Սենատի առաջին փոխնախագահ Պեդրո Սանսը: «Եթե Պուչդեմոնը չի կարող ներկայանալ հոկտեմբերի 26-ին, նրան առաջարկվում է դա հոկտեմբերի 27-ին անելու հնարավորությունը,– նշել է նա:- Մենք չենք կարող ավելի ճկուն լինել»: «Սենատի համար պատիվ կլիներ ընդունել Կատալոնիայի ղեկավարին, որպեսզի նա կարողանա այստեղ մասնակցել բանավեճին»,-ասել է Սանսը:

Մինչդեռ Իսպանիայի կրթության, մշակույթի եւ սպորտի նախարար, երկրի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ինյիգո Մենդես դե Վիգոն ավելի վաղ հայտարարել է, որ Մադրիդը կարող է ուժ կիրառել Կատալոնիայում կարգի վերականգնման համար, եթե ինքնավարության անկախության կողմնակիցներն ընդդիմանան տարածաշրջանի իրադրության կարգավորմանն ուղղված միջոցառումներին:

Իսպանիայի կառավարությունը հոկտեմբերի 21-ի արտահերթ հանդիպմանը որոշում է ընդունել Կատալոնիայի ինքնավար հանրակցության նկատմամբ Իսպանիայի Սահմանադրության 155-րդ հոդվածի կիրառման մասին, որով Կատալոնիայի ամբողջ ղեկավարությունը կարող է հեռացվել իշխանությունից, իսկ նրա լիազորությունները կիրականացնի Մադրիդի կողմից նշանակված ներկայացուցիչը: Այժմ իսպանական կառավարության որոշումը պետք է հաստատի Սենատը, որի՝ այդ խնդրին նվիրված նստաաշրջանը նշանակված է հոկտեմբերի 27-ին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում