Հայկական արմատների ուժը. «Արդեան»

Եգիպտոսից Հայաստան, Հայաստանից Միացյալ նահանգներ, այնտեղից` նորից Հայաստան: Երեք աշխարհամասերով պտույտը Վազգեն Բրուտյանին, ի վերջո, բերեց մանկության հուշերի քաղաք: Միացյալ նահանգներում կրթություն ստանալն ու այնտեղ սեփական գրասենյակ ունենալը Վազգենին չկարողացան հեռացնել իր արմատներից: 2013թ. Լոս Անջելեսում թողնելով տարիների ընթացքում ստեղծած կարիերան` մասնագիտությամբ ճարտարապետ Վազգեն Բրուտյանն, ի վերջո, եկավ ու հաստատվեց Երևանում: «Ես հաճախ էի գալիս Հայաստան, քանի որ ուզում էի տեսնել` ինչպես կարող եմ մասնակից դառնալ հայրենիքիս կայացմանն ու զարգացմանը: Երբ իմացա «Թումո»-ի մասին, որը ոչ միայն Կովկասում, այլև ամբողջ աշխարհում եզակի գաղափար է, հասկացա, որ այդտեղ կարող եմ օգտակար լինել: Երկու անգամ` կարճ ժամանակով, եկա ու դասավանդեցի աշակերտներին: Այդ ընթացքում զգացի, որ աշակերտներս շատ տաղանդավոր են, նրանց ուղղություն տալով կարելի է մեծ աշխատանք կատարել: Եվ ահա երրորդ անգամը եկա ու մնացի: Ու արդեն չորս տարի է այստեղ եմ, ինչի համար շատ ուրախ ու գոհ եմ»,-ասում է «Արդեան» դիզայներական ընկերության հիմնադիրը:

Վազգեն Բրուտյանը վստահ է` մարդ, որտեղ էլ գնա, պետք է վերադառնա հայրենիք ու փորձի այնտեղ ինչ-որ բան արարել, ստեղծել: 14 տարեկանում ընտանիքի հետ հարկադրված Լոս Անջելես տեղափոխված Վազգենը հենց այդպես էլ արեց: «Թումոյում ստացած գիտելիքները կարելի է օգտագործել` աշխատատեղեր ստեղծել: Մեր նպատակը Հայաստանում դիզայնի ոլորտը զարգացնելն է: Բայց մյուս ոլորտներն էլ հեշտությամբ կարելի է զարգացնել, միայն թե աշխատանք ու երևակայություն է պետք»,-ասում է  «Արդեան»-ի հիմնադիրը:

«Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի առաջին ստարտափը` «Արդեան»-ը, նրա շնորհալի սաների հետ Վազգենի` մեկ տարի տևած աշխատանքի արդյունքում ծնվեց: Լինելով հայկական հնագույն մշակույթի սիրահար և արդիական ճարտարապետության ներկայացուցիչ` Վազգենը միշտ մտածում էր հինն ու արդիականը միաձուլելու մասին: Եվ ահա 2014 թվականից հայկական մշակութային ժառանգությունը սկսեց նոր լեզվով ու նոր ընկալմամբ ներկայացվել «Արդեան»-ի այցելուներին: Աբովյան փողոցի վրա տեղակայված ցուցասրահ-վաճառակետում Նարեկացու աղոթքներով ու հայկական զարդանախշերով համեմված արվեստի գործերն` առանձին, վզկապներն, ապակեղենն ու մյուս գործերը` առանձին, յուրաքանչյուրն իր տեղում, իր ասելիքով ու ներքին խորհրդով «ողջունում» ու «ճանապարհում են» այնտեղ մտնող յուրաքանչյուրին:

«Արդեան»-ի աշխատանքներում Նարեկացու գործերից մեջբերումները, Վազգենի խոսքով, մեծ խորհուրդ ունի, որը, հավանաբար, անգամ հայերի մասին չլսած ու հայերեն չիմացող մարդը կհասկանա, քանի որ նա գրել է համամարդկային լեզվով: Այն առումով առանձնապես ուշագրավ են 2015թ. ապրիլին` Ցեղասպանության 100-ամյակին նվիրված ցուցահանդեսում ներկայացված գործերը, որոնք ցուցասրահի աջ ու ձախ կողմերում, պատմության վկաների պես, հսկում են անցուդարձը:

Հետագայում նոր ցուցահանդեսներ էլ, նոր գործեր էլ կլինեն, ասում է «Արդեան»-ի հիմնադիրը և վստահեցնում` Հայաստանն աշխարհում պետք է ճանաչելի դառնա` որպես գաղափարներ ծնող երկիր:

Լիլիթ ՊՈՂՈՍՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում