Արցախի ՊԲ-ն արդեն ունի տեխնիկապես վերազինված տեղեկատվական կենտրոն (ֆոտո)

Արցախի պաշտպանության բանակն արդեն ունի տեխնիկապես վերազինված տեղեկատվական կենտրոն: Այն ստեղծվել է «Յուքոմ» ընկերության օժանդակությամբ, իսկ «ՊանԱրմենիան Մեդիա Գրուպ»-ը պատրաստակամություն է հայտնել օգնել կադրերի վերապատրաստման հարցում, գրում է news.am-ը:

Կենտրոնի բացումից առաջ «Յուքոմի» խորհրդի նախագահ Գուրգեն Խաչատրյանն ու «ՊանԱրմենիան Մեդիա Գրուպի» գլխավոր տնօրեն Արմեն Արզումանյանը նախարարությունում հանդիպեցին Արցախի ՊԲ հրամանատար Լևոն Մնացականյանի, որի ընթացքում պայմանավորվածություն ձեռք բերվեց ՊԲ տեղեկատվական համակարգի տեխնիկական և մարդկային կարողությունների մշտական արդիականացման հարցում ինստիտուցիոնալ համագործակցության վերաբերյալ:

«Տեղեկատվական կենտրոնի կարևորության մասին մենք համոզվել ենք 2016թ. ապրիլյան գործողություններից հետո: Ինչպես տեսնում եք, մենք որոշակի աշխատանքներ կատարել ենք, բայց սա բավարար չենք համարում, ընդլայնելու ենք և աշխատելու ենք «ՊանԱրմենիա Մեդիա Գրուպի» հետ՝ հաշվի առնելով իրենց տեսակետները կահավորման և հետագա աշխատանքների կազմակերպման ուղղությամբ: Սահմանվելու է կարգ, որի մասին մենք կտեղեկացնենք»,- ասաց նախարարը՝ նշելով, որ տեղեկատվական կենտրոնն առավել համակարգված կդարձնի իրենց աշխատանքը:

«Մենք և մեր թիմն անընդհատ համաշխարհային տեխնոլոգիաների զարգացման կենտրոնում ենք և հիմա մեր փորձը ներդնում ենք սահմանային անվտանգության համակարգերի արդիականացման վրա: Տեղեկատվական կենտրոնը շատ կարևոր խնդիր է լուծելու. պատերազմական փուլերում շատ կարևոր է, որ լրատվությունը լինի արագ, հասարակությունն իմանա, թե ինչ է կատարվում: Խոսքն այս պարագայում այն մասին է, որ այդ փորձը, որը մեր թիմը ձեռք է բերում, ժամանակ առ ժամանակ կարողանանք օգտագործել տեղի համակարգերի համազինման, լրացման նպատակով»,- ասաց Գուրգեն Խաչատրյանը:

«ՊանԱրմենիան Մեդիա Գրուպ»-ը բազմիցս ասել է, որ պատրաստ ենք աջակցելու և փորձել ենք մշտապես օգտակար լինել: Այսօր հանդիպման ժամանակ մենք նշեցինք, որ պատրաստ ենք օգնել ե՛ւ կադրերի վերապատրաստման, ե՛ւ ցանկացած նոր տեխնոլոգիաներ ըմբռնելու, օգտագործելու հարցում»,- լրագրողների հետ զրույցում ասաց «ՊանԱրմենիան Մեդիա Գրուպ»-ի գլխավոր տնօրեն Արմեն Արզումանյանը՝ ընդգծելով, որ տեղեկատվական պատերազմը, պայքարն ու անվտանգությունը հակամարտությունների մաս են կազմում:

ՊԲ շտաբում կայացած հանդիպումից հետո Լևոն Մնացականյանը, Արմեն Արզումանյանն ու Գուրգեն Խաչատրյանն այցելեցին նորաբաց տեղեկատվական կենտրոն՝ ծանոթանալու կատարված աշխատանքներին: Այսուհետև նախարարությունն այս սրահում կարող է հրավիրել մամուլի ասուլիսներ: Տեխնիկապես հագեցած մի սենյակ էլ նախատեսված է լրատվամիջոցների ներկայացուցիչների համար: Համակարգիչներ, արագ ինտերնետ կապ, քաղաքային հեռախոսներ յուրաքանչյուր սեղանին. բոլոր պայմանները կան հարմարավետ աշխատանքի համար: Սա նախարարի համար բավարար չէ, պատրաստվում են ընդլայնել տարածքն ու այստեղ տեղափոխել նաև նախարարության մամուլի բաժնի աշխատակիցներին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում