«Ժամանակ». Մեդվեդևի այցը հօդս է ցնդեցրել Կարեն Կարապետյանի բոլոր սպասելիքները.

«Ժամանակ»-ը գրել է. «ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի այցը հօդս է ցնդեցրել վարչապետ Կարեն Կարապետյանի բոլոր սպասելիքները։ 2018-ի ապրիլից առաջ Մեդվեդևի այցը կարևոր էր ՀՀ վարչապետի համար, և «Գազպրոմի» նախագահ Ալեքսեյ Միլլերը փորձել է անել առավելագույնը՝ Կարեն Կարապետյանի քաղաքական ծրագրերն իրականացնելու համար։ Սակայն Մեդվեդևի ՀՀ այցի ընթացքում տեղի ունեցավ հակառակը, խոսվեց գրեթե ամեն ինչից, միայն թե՝ ոչ ներդրումներից։

Նշենք, որ դեռ հունվարին, երբ Կարեն Կարապետյանն իր առաջին պաշտոնական այցն էր կատարել արտերկիր՝ Մոսկվա, Մեդվեդևի հետ հանդիպմանը հայտարարել էր հայ-ռուսական ներդրումային համատեղ հիմնադրամի գաղափարի մասին։

Սակայն չի բացառվում, որ Մեդվեդևը դեմ չէր լինի Կարապետյանին ներդրումներով ապահովելուն, բայց այդ առումով նա չի ստացել Պուտինի հավանությունը։ Եվ ոչ այն պատճառով, որ Պուտինը չի ցանկանում վարչապետի պաշտոնում տեսնել Կարեն Կարապետյանին։ Պարզապես այդ խնդիրը ՌԴ-ի համար օրակարգային չէ, և Պուտինը դեռևս 2015թ-ի օգոստոսին Սոչիում Ս. Սարգսյանի հետ հանդիպմանն է հստակ ակնարկել, որ չի պատրաստվում ֆինանսավորել ՀՀ իշխանությանը»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում