Իրաքի կառավարական ուժերը հարձակում են սկսել երկրում ԻՊ-ի վերջին պատվարի վրա

Իրաքի կառավարական ուժերը հոկտեմբերի 26-ին հարձակում են ծավալել երկրում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման վերջին պատվարի վրա: Ռազմարշավն սկսելու հրամանը տվել է Իրաքի վարչապետ Հեյդար ալ Աբադին՝ հանրապետության զինված ուժերի հրամանատարը:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է նրա դիվանատունը: Սիրիայի հետ սահմանում գտնվող էլ Քայիմ եւ էլ Ռավա (Անբարի նահանգ) քաղաքները զինյալներից ազատագրելու ռազմարշավում գործի են դրված դաշնային ոսմտիկանության ջոկատները, բանակային հատուկ նշանակության ուժերը, արագ արձագանքման ուժերը, ինչպես նաեւ շիաների ժողովրդական աշխարհազորը («Ալ Հաշդ աշ Շաաբի»):

Ինչպես ավելի վաղ հայտարարել է ալ Աբադին, Իրաքում ԻՊ-ի խմբավորմանը կարող է վերջ դրվել մինչեւ ընթացիկ տարվա վերջը: ԱՄՆ-ի գլխավորած հակաաբեկչական կոալիցիայի աջակցությամբ լիովին ազատագրված է ավելի վաղ զինյալների վերահսկողության տակ գտնվող տարածքի 95 տոկոսը: Ինչպես նշել են կոալիցիայում, ԻՊ-ի դեմ եզրափակիչ ճակատամարտը տեղի կունենա Սիրիայի հետ սահմանում, որտեղ ամրացել են մոտավորապես 2 հազար զինյալներ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում