Արցախի խորհրդարանը քննարկել և ընդունել է մի շարք օրենքներ

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նիստերի մեծ դահլիճում hոկտեմբերի 26-ին գումարվել է խորհրդարանի հերթական լիագումար նիստը:

Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի մամուլի ծառայությունից, բացելով նիստը` Ազգային ժողվի նախագահ Աշոտ Ղուլյանն ամփոփել է ներկայացված օրինագծերի շուրջ կատարված նախապատրաստական աշխատանքները:

Նախագահի աշխատակազմի կառավարության գործերի կառավարչության պետ-աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Արայիկ Լազարյանը խորհրդարանի քննարկմանն է ներկայացրել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կառուցվածքի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքն ուժը կորցրած ճանաչելու մասին» Արցախի Հանարապետության օրենքի նախագիծը, որով ԱՀ Սահմանադրության 169-րդ հոդվածի համապատասխան՝ Ազգային ժողովի կողմից ընտրված Հանրապետության նախագահի պաշտոնի ստանձնման օրը կառավարությունը հրաժարական է ներկայացնում, և ձևավորվում է նոր կառավարություն՝ ԱՀ Սահմանադրության 103-րդ հոդվածի համապատասխան Հանրապետության Նախագահի կողմից:

«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Հրապարակային սակարկությունների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Արցախի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը ներկայացրել է Արդարադատության նախարար Արարատ Դանիելյանը:

Նախագծով առաջարկվող լրացումները նպատակ են հետապնդում ընդլայնել պարտապան ֆիզիկական անձանց տրամադրվող սոցիալական երաշխիքների շրջանակը և պարտապանին հնարավորություն տալ իր գույքի վրա բռնագանձում տարածվելու դեպքում չզրկվել նվազագույն բնակապահովումից:

Ֆինանսների նախարար Գրիգորի Մարտիրոսյանը պատգամավորներին է ներկայացրել «Լիցենզավորման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Արցախի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը:

Օրինագծերի փաթեթի ընդունումը պայմանավորված է խաղողի օղու արտադրությունը խթանելու անհրաժեշտությամբ, ինչպես նաև ուղղված է լիցենզավորման ոլորտի պետական կարգավորման արդյունավետության բարձրացմանը, գործող նորմատիվ իրավական ակտերի կատարելագործմանը: Օրինագծերի շրջանակում ճշտվել են մասնագիտական որակավորմանը վերաբերող պահանջները, հստակեցվել են լիցենզավորման կարգերի ընդունման հետ կապված դրույթները, կատարվել են խմբագրական բնույթի աշխատանքներ:

Պատգամավորները հարցեր են առաջադրել զեկուցողներին, որից հետո քվեարկությամբ ընդունվել են բոլոր վերոնշյալ օրենքները:

Պատգամավորական հայտարարությամբ հանդես են եկել պատգամավորներ Հայկ Խանումյանը և Ռամելա Դադայանը:

Նիստի եզրափակիչ հատվածում Ազգային ժողովի նախագահը հայտարարել է Արցախի և Հայաստանի միջև նախատեսված միջխորհրդարանական նիստի նախապատրաստության մասին, որը տեղի կունենա նոյեմբերին Երևանում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում