Պենտագոնի ղեկավարը խոստացել է միջուկային զինաթափման հարկադրել Փենյանին

ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Ջիմ Մեթիսը Հարավային Կորեա այցի ընթացքում հայտարարել է, որ Վաշինգտոնը լի է ԿԺԴՀ-ին միջուկային զինաթափման հարկադրելու վճռականությամբ:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է Associated Press գործակալությունը: Մեթիսը Փենյանին մեղադրել է այն բանում, որ նրա հրթիռամիջուկային ծրագիրը «մյուսներին սպառնում է աղետով», եւ ընդգծել է, որ Միացյալ Նահանգների ներկայիս վարչակազմը հավատարիմ է մնում ԿԺԴՀ-ին միջուկային զինաթափման հարկադրելու իր հանձնառությանը:

Պենտագոնի ղեկավարն այցելել է ապառազմականացված գոտի, որը բաժանում է կորեական երկու պետություններին: Դրանով նա, գործակալության կարծիքով, «համերաշխություն Է դրսեւորել» Կորեայի Հանրապետության հետ, ինչպես նաեւ ընդգծել է, որ ԱՄՆ-ը «ուս-ուսի» կանգնած է Հարավային Կորեայի կողքին Հյուսիսային Կորեայի կողմից սպառնալիքներին դեմ հանդիման:

Ավելի վաղ Մեթիսը հայտարարել է, որ ԱՄՆ-ը չի շտապում պատերազմ սկսել ԿԺԴՀ-ի դեմ, որպեսզի զսպի Փենյանի միջուկային հավակնությունները: «Մենք հանդես ենք գալիս ԿԺԴՀ-ի շուրջ ստեղծված իրադրությունը դիվանագիտական ճանապարհով կարգավորելու օգտին,- նշել է նա:- Ունենք մենք արդյոք հակազդման ռազմական տարբերակներ, եթե հարձակվեն մեզ վրա կամ հարձակվեն մեր դաշնակիցների վրա: Անտարակույս, ունենք:

Բայց բոլորն էլ տրամադրված են խաղաղ կարգավորման: Մենք չենք շտապում պատերազմել», հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում