Գևորգ Գորգիսյանն Ադրբեջանի ագրեսիան զսպելու միակ տարբերակ է համարում զարգացումը ռազմական ոլորտում

Ադրբեջանի ագրեսիան զսպելու միակ տարբերակը ռազմական ոլորտում զարգացումն է, հայկական բանակի հզորացումը: Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց Ազգային ժողովի «Ելք» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը:

«Փորձը ցույց է տալիս, որ Ադրբեջանի հետ ցանկացած պայմանավորվածություն ի վերջո խախտվում է, և մենք չենք կարող որևէ ստորագրված փաստաթղթի վրա հույս դնել: Ադրբեջանն ունի նավթ, անսահման զենք գնելու հնարավորություն, ինչը նշանակում է, որ պետք է մեր գիտական ներուժն ամբողջությամբ ուղղենք նոր զինատեսակներ արտադրելու գործին: Ապրիլյան պատերազմից հետո մեր կառավարությունը խելքի եկավ և սկսեց այդ ուղղությամբ քայլել ձեռնարկել: Խնդիր, որի մասին վաղուց էինք խոսում: Բոլորը պետք է հասկանան, որ բանակի հզորացմանն այլընտրանք չկա»,-ասաց Գևորգ Գեորգիսյանը:

Նրա խոսքով, բանակի հզորացման համար մեզ պետք է հզոր տնտեսություն, ազատ մրցակցային պայմաններ, պայքար կոռուպցիայի, մենաշնորհների դեմ, իսկ դրա համար պետք է ժողովրդավարություն:

«Այս ամենը միշտ պետք է դիտարկել համալիր, մենք չենք կարող լուծել հարցերից մեկը` անտեսելով մյուսը: Դրանք փոխկապակցված են, եթե որևէ տեղ մենք նահանջեցինք, բացթողում ունեցանք, ապա իրավիճակը չի փոխվի: Մենք պետք է ամեն օր պայքարենք, որ ժողովրդվարութունը կայանա: Այնպես անենք, որ պատժվեն նրանք, ովքեր գործել են ժողովրդավարությանը, տնտեսության զարգացմանը դեմ: Սա է ուղին, որովհետև անվտանգության այլ երաշխիք չունենք»,-ասաց նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում