Տարեկան 4 միլիոն Սևանի իշխանի մանրաձուկ կարտադրի, ևս 1.5 միլիոնը բաց կթողնվի լիճ

«Սևանի իշխան» մանրաձկան գործարանն ու «Սևան Ակվա» ցանցավանդակային տնտեսությունը Սևանա լճում ձկնապաշարների վերականգման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագրի երկու կարևոր դերակատարներն են: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ հոկտեմբերի 28-ին կայացավ երկու ընկերությունների պաշտոնական բացումը:

«Սևանի իշխան» ՓԲԸ գլխավոր տնօրեն Ջոն Մկրտչյանի տեղեկացմամբ՝ նախատեսվում է տարեկան արտադրել 4 միլիոն մանրաձուկ, ևս 1.5 միլիոնը ուղղել Սևանա լիճ՝ ձկնապաշարների վերականգնման նպատակով: «Առաջին Գեղարքունի իշխանի խմբաքանակն արդեն ավազանում է, հաջորդ ամսվա ընթացքում կսկսվի բազմացման շրջանը, հետո կտեղափոխվեն ինկուբատորի, որտեղից էլ՝ նախնական կերակրման հատված, ապա 3 գրամից կդառնան 50 գրամ ու կտեղափոխվեն արդեն Սևանա լճում տեղակայված ցանցավանդակներ»,-արտադրական ողջ շղթան նկարագրեց Ջոն Մկրտչյանը: Ինչ վերաբերում է ամառային տեսակին, ապա դրա բազմացման շրջանը գարնան վերջ-ամռան սկիզբ է, ժամանակի ընթացքում նաև ամառայինը կբուծեն:

Մանրաձկան գործարանում բուծվող իշխանի մայրական կազմը ընտրվել է երկու փուլով: «Առաջին փուլում արտաքին տեսքի գնահատում է կատարվել, մասնագիտական խումբը ընտրել է ՀՀ տարբեր ձկնաբուծարաններից այն իշխանները, որոնք լիովին համապատասխանում են Սևանի իշխան դասական նկարագրությանը, երկրորդ փուլում կատարվել է աննախադեպ մոլեկուլյար-գենետիկ հետազոտություն Լեհաստանի և Շոտլանդիայի կենդանաբանության ինստիտուտի հետ համատեղ: Կարևոր էր հասկանալ մայրական կազմի գենոֆոնդը, որպեսզի խուսափեինք միջազգակցական խաչասերումներից»,-ասաց Ջոն Մկրտչյանը:

Մանրաձուկը, դառնալով 50 գրամ, տեղափոխվում է Լճափ համայնքին հարակից ափամերձ տարածքում տեղակայված «Սևան Ակվա» ՓԲԸ ցանցավանդակային տնտեսություն, որտեղ երեք տարվա ընթացքում բերվում է ապրանքային քաշի՝ 2.5-3 կիլոգրամ, և տեղափոխվում վերամշակման գործարան, որտեղից էլ մոտ 20 ապրանքատեսակի տեսքով ուղարկվում շուկա: Ինչպես լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց «Սևան Ակվա» ՓԲԸ տնօրեն Հովիկ Վարդանյանը, վերամշակված արտադրանքը սպառում է գտնում դեռևս Ռուսաստանում ու Վրաստանում, սակայն ակնկալվում է նաև այլ երկրներ արտահանել: «Բարձր որակի ձուկ ենք արտադրում, այն լաբորատոր հետազոտություններ է անցել ու մոտ 40 երկրում խնդիր չենք ունեցել համային ու հորմոնալ տեսանկյունից»,-ասաց Հովիկ Վարդանյանը: Ձկները կերակրվում են դանիական ու իտալական կերերով, որոնք ըստ տնօրենի, հորմոններ չեն պարունակում և ձկների իմունիտետը բաձրացնելու համար են: «50-60 տոկոսով ձուկը սնվում է լճի կերով»,-նշեց Հովիկ Վարդանյանը:

Մասնագետները վստահ են, որ Սևանա լճում իշխանը հարմարվելու խնդիր չի ունենա, քանի որ դա իր բնական միջավայրն է: Ձկների բնականոն աճն ապահովելու համար ամեն օր ջրասուզակները սուզվում են ցանցավանդակների հիմնային հատված, կատարում մաքրման աշխատանքներ, հետևում՝ արդյոք կերը հասնում է ձկներին:

Սևանա լճի ջրի էկոլոգիական բարենպաստ վիճակի դեպքում նախատեսվում է ցանցավանդակային տնտեսություններն ավելացնել, ինչպես նաև կառուցել մանրաձկան երկրորդ գործարանը, որտեղ արդեն ձկներն աճելու են 50-150 գրամ: Սա ենթադրում է նոր աշխատատեղերի ստեղծում:

Ընկերություններում աշխատում են հիմնականում Կարճաղբյուր, Լճափ և հարակից համայնքների բնակիչները, սակայն նեղ մասնագիտացումների դեպքում կան նաև հրավիրյալ մասնագետներ Երևանից ու ՀՀ մարզերից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում