ՀՀ 2018թ. բյուջեի նախագծի հիմքում տնտեսական աճը, անվտանգությունը և սոցիալական վիճակի բարելավումն են

Հայաստանի 2018թ. պետական բյուջեի նախագծով կառավարությունը պլանավորել է այնպիսի հարկաբյուջետային քաղաքականություն, որը կկանխորոշի հետագա տարիների կայուն տնտեսական աճը: Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ՀՀ 2018թ. պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ այս մասին ասաց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:

«Վերջին մի քանի տարիներին Հայաստանի տնտեսության վրա ազդեցություն են թողել արտաքին աշխարհից գրանցվող տնտեսական ցնցումները, որի արդյունքում գրանցվել է տնտեսական աճի ցածր մակարդակ: Այժմ, թեև նկատվող դրական միտումներին, տնտեսական աճի հիմքերը դեռևս բավարար ամուր չեն տնտեսական կայուն աճի ապահովման համար: Դրա համար մենք 2018թ. բյուջեով ծրագրել ենք այնպիսի հարկաբյուջետային քաղաքականություն, որը կկանխորոշի հետագա տարիների կայուն տնտեսական աճը՝ ապահովելով 5 տոկոսանոց կայուն տնտեսական աճ, ինչը հնարավորություն կտա առավել արդյունավետ լուծել մեր առջև ծառացած խնդիրները: Նշված ցուցանիշին հասնելը մեզանից մեծ ջանքեր է պահանջելու»,- ընդգծեց վարչապետը:

Կարեն Կարապետյանը հավելեց, որ ՀՀ 2018թ. պետական բյուջեի հիմքում ընկած են տնտեսական աճը, Հայաստանի անվտանգությունը և սոցիալական վիճակի բարելավումը: Վարչապետի խոսքով՝ 2018թ. կառավարության եկամտային քաղաքականությունը ևս լինելու է հավասարակշռված:

Հաշվի առնելով կառավարության ծրագրի նպատակադրումները 2018թ. բյուջեում հարկաբյուջետային քաղաքականության մոտեցումների մեջ կառավարությունը փոփոխություններ է կատարել: Միջնաժամկետ հորիզոնում հարկաբյուջետային քաղաքականությունը իրականացվելու է ծախսային կառուցվածքի վերանայմամբ՝ առավել շեշտադրելով կապիտալ ծախսերի անհրաժեշտությունը՝ տնտեսական աճի ապահովման համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում