Ադրբեջանը հիստերիայի մեջ է այս անգամ էլ Մեքսիկայի նկատմամբ

Պաշտոնական Բաքուն բողոքի նոտա է հղել Մեքսիկայի Միացյալ Նահանգներին՝ կապված մեքսիկացի պատգամավորների կողմից Արցախի Հանրապետություն կատարած այցի հետ: Այս մասին հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը:

Մեքսիկայի խորհրդարանի ղեկավար Խորխե Կարլոսն ընդունել է երկրում Ադրբեջանի գործերի ժամանակավոր հավատարմատարին, որն էլ ներկայացրել է իր երկրի դիրքորոշումը խնդրի նկատմամբ:

Ադրբեջանի ԱԳՆ հանձնարարականով՝ Մեքսիկայում Ադրբեջանի դեսպանությունն այդ երկրի արտգործնախարարությանը բողոքի նոտա է հղել այցի առնչությամբ:

Մեքսիկայից ժամանած պատգամավորներ Բլանկա Մարգարիտա Կուատա Դոմինգեսը, Մարիա Կրիստինա Տերեսա Գարսիա Բռավոն ու Կառլոս Էռնանդես Միրոնն այցելել են Արցախի Հանրապետություն: Հոկտեմբերի 24-ին մեքսիկացի պատգամավորները ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովի ուղեկցությամբ այցելել են Ստեփանակերտի հուշահամալիր եւ ծաղիկներ խոնարհել ի հիշատակ Արցախյան ազատագրական պայքարում նահատակված հայորդիների:

Այցի շրջանակում նրանք մի շարք հանդիպումներ են ունեցել Արցախի ղեկավարության հետ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում