Խաղի կանոնները պետք է հավասար լինեն բոլոր տնտեսավարողների համար

Խաղի կանոնները պետք է հավասար լինեն բոլոր տնտեսավարողների համար: Ազգային ժողովում ՀՀ 2018թ. պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ այս մասին ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը:

«Հատկապես շուկայում գերիշխող դիրք ունեցող տնտեսավարող սուբյեկտները լինելու են մեր ուշադրության կենտրոնում: Եթե դուք ուշադրություն դարձնեք, 2017թ. հիմնական հարկահավաքումը եղել է խոշոր հարկատուների հաշվին, դա էլ եղել է այն դեպքում, երբ հարկային ստուգումների էական կրճատում է եղել: Այսինքն, սա նշանակում է, որ վարքագիծ է փոխվել»,- նշեց Արամյանը:

Նա հավելեց՝ անկախ նրանից գերիշխող դիրք ունեցող տնտեսվարող են, թե ոչ, խաղի կանոնները պետք է հավասար լինեն բոլորի համար, և բոլորը պետք է իրենց հասանելիք հարկերը վճարեն:

Կառավարությունը շատ ուշադիր է, որպեսզի տնտեսավարողների նկատմամբ վարչարարությունը լինի օրենսդրության սահմաններում, քանի որ քաջ գիտակցում է, որ տնտեսավարողների մոտ բացասական սպասումներ առաջացնելը հարվածելու է տնտեսական աճին: «Մենք սա շատ լավ գիտակցում ենք: Եվ այս առումով պետք է ասեմ, որ բողոքարկման հարթակի ինստիտուտը շատ լավ աշխատում է: Այդ հարթակը գործում է վարչապետի ներքո, որտեղ պետական եկամուտների կոմիտեն քվեարկելու իրավունք չունի: Այստեղ քվեարկում են ֆինանսների, արդարադատության և տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունները, ինչպես նաև հասարակական կազմակերպությունները»,- նշեց Արամյանը:

Նա հավելեց՝ եթե օրենսդրության մեջ կան խնդիրներ, որոնք կարող են հետագայում խեղումներ մտցնել տնտեսության մեջ, իրենք բարելավում են դրանք՝ աշխատելով պետական եկամուտների կոմիտեի հետ: «Այն փոփոխությունները, որ մենք նախաձեռնել ենք հարկային օրենսգրքով օգնելու են, որպեսզի տարատեսակ մեկնաբանությունները մաքրենք և մեր տնտեսվարողների համար ստեղծենք նորմալ կյանք, որպեսզի նրանք ներդրում կատարեն»,- ընդգծեց նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում