ԱԺ փոխնախագահն Արցախի հարցին կրոնական բնույթ հաղորդելն անթույլատրելի է համարում

Արցախի ժողովուրդն ունի խաղաղ ու անվտանգ ապրելու իրավունք նույնքան, որքան տարածաշրջանային այլ երկրների բնակիչները։ «Տարածաշրջանային խաղաղություն. իրողություններ և հեռանկարներ» միջազգային համաժողովին ասաց ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։ «Մեր գերխնդիրը եղել ու մնում է Արցախի հարցի արդար կարգավորումը։ Երբ ասում ենք արդար կարգավորում, նկատի ունենք խաղաղ կարգավորումը Մինսկի խմբի համանախագահության ձևաչափով ու միջազգային բոլոր այն նորմերին համապատասխան, որոնք ընդգրկված են ՄԱԿ-ի կանոնադրության ու Հելսինկյան եզրափակիչ ակտի դրույթներում»,-ասաց Էդուարդ Շարմազանովը։

Նրա բնորոշմամբ՝ «առանց աստվածատուր ինքնորոշման իրավունքի իրացման, չենք կարող հասնել տարածաշրջանային խաղաղության»։ ԱԺ փոխնախագահի խոսքով՝ Ադրբեջանի իշխանություններն Արցախի ինքնորոշման իրավունքի իրացումը հարգելու փոխարեն, քարոզում են կրոնական անհամերաշխություն ու փորձում Արցախյան հակամարտությանը տալ կրոնական երանգ։ «Մեզ համար Արցախյան հակամարտությանը կրոնական բնույթ հաղորդելն անթույլատրելի ու դատապարտելի է»,-նշեց Շարմազանովը՝ հավելելով, որ Հայաստանը խաղաղության ջատագով է, ինչի ապացույցն էլ բարիդրացիական հարաբերություններն են արաբական երկրների ու սահմանակից Իրանի Իսլամական Հանրապետության հետ։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի կազմակերպմամբ, ընթանում է տարածաշրջանային խաղաղության թեմայով միջազգային համաժողով, որին մասնակցում են խոսնակներ Հայաստանից, Վրաստանից, Ռուսաստանից, Իրանից, Թուրքիայից։

Հետևեք մեզ նաև Telegram-ում