Հայ-իրանական երկաթգծի կառուցման ներդրումային ծրագիր ներկայացնելու շուրջ քննարկումները շարունակվում են

Հայաստանն ունի ստորագրած պայմանագիր մի ընկերության հետ, որը պարտավորություն է վերցրել Հայաստան-Իրան երկաթգիծը կառուցելու ներդրումային ծրագիր ներկայացնել: Ազգային ժողովում ՀՀ 2018թ. պետական բյուջեի նախագծի քննարկմանն այս մասին ասաց ՀՀ կապի, տրանսպորտի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը՝ պատասխանելով «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանի հարցին: «Այդ ընկերության հետ քննարկումները շարունակվում են, արդյունքների մասին տեղյակ կպահենք»,- նշեց նախարարը:

Անդրադառնալով պատգամավորի մյուս հարցադրմանը Հայաստանում «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության ներդրումային ծրագրերի վերաբերյալ՝ նախարարն ասաց, որ կոնցեսիոն կառավարման պայմանագրի պայմանների իրենք իրենց ներդրումային ծրագիրը կատարում են 100 տոկոսով: «Այդ ծրագրերը խիստ հսկողության տակ են, և մենք դրանք չենք հաստատում, քանի իրենք չեն ներկայացնում համապատասխան նախագծերը»,- նշեց Մարտիրոսյանը:

Նախարարը կարևորեց ընկերության կողմից 2 վագոնանոց ժամանակակից գնացքի ձեռքբերումը, որն առաջիկայում շահագործման կհանձնվի Երևան-Գյումրի ուղղությամբ: Վահան Մարտիրոսյանը հավելեց, որ գնացքի ձեռքբերումը տեղի է ունեցել ընկերության ներդրումային ծրագրերից դուրս:

Հետևեք մեզ նաև Telegram-ում