Արցախը պետք է աշխատի այն կառույցների հետ, որոնք կողմ են ազգերի ինքնորոշմանը. իսպանաբնակ փորձագետ

Արցախի Հանրապետության կառավարության հրավերով Իսպանիայից ժամանած դիվանագետ, Քլինգենդալ համալսարանի պրոֆեսոր, Իսպանիայի միջազգային քոլեջի դասախոս, անկախ փորձագետ Շոն Ռիորդանը հոկտեմբերի 29-ին, Ստեփանակերտում լրագրողների հետ ասել է, որ Արցախը պետք է աշխատի այն կառույցների հետ, որոնք ավելի շատ կողմ են ազգերի ինքնորոշման իրավունքին: «Դիվանագիտության մեջ երկու կարևոր սկզբունքներ են գործում. դրանք ազգերի ինքնորոշման իրավունքն է և տարածքային ամբողջականությունը: Եվրոպան տեղ է տալիս ազգերի ինքնորոշման իրավունքին, բայց Իսպանիան դեմ է սրան և կողմ է միայն տարածքային ամբողջականությանը»,- նշել է Շոն Ռիորդանը և, այս համատեքստում անդրադաձել արցախյան հիմնախնդրին։ «Արցախն անկախ է, բայց ճանաչված չէ, ի տարբերություն Կատալոնիայի, որն անկախ չէ, բայց ցանկանում է անկախանալ»,- ընդգծել է Շոն Ռիորդանը և հավելել, որ երկու հիմնախնդիրների միջև ինքը սկզբունքային տարբերություններ է տեսնում:

Նա նշել է, որ եվրոպական կառավարությունները օժանդակում են իսպանական կառավարությանը, քանի որ նրանք չէին ցանկանում տարածաշրջանը ապակայունացնել և խզել իրենց հարաբերություններն Իսպանիայի կառավարության հետ:

Հինգ տարի առաջ Կատալոնիային նոր կարգավիճակ շնորհվեց Իսպանիայի կողմից, սակայն այս որոշումը բողոքարկվեց և մերժվեց իսպանական դատարանի կողմից, և այդ մերժումն ու տնտեսական ճգնաժամը, ըստ իսպանացի դիվանագետի, դարձան այժմյան իրադարձությունների հիմքը:

Արդեն երկրորդ օրն է՝ Շոն Ռիորդանը Արցախի պետական համալսրանի ուսանողներին է ներկայացնում սոցիալական մեդիան և դիվանագիտությունը: Նա ԱրՊՀ-ում հանդես է եկել դասախոսությամբ:

«Արցախպրես»-ի հետ զրույցում նա նշել է, որ երրորդ անգամ է գտնվում Արցախում և, իր փորձով կիսվելուց բացի, ցանկանում է մատնանշել Արցախի՝ իբրև չճանաչված պետության ձևավորած արդյունավետ դիվանագիտական ռազմավարությունը:

«Որևէ անհրաժեշտություն չկա, որպեսզի ճանաչված պետությունները լինեն նորարար: Չճանաչված պետությունների համար այն ավելի կարևոր է, քանի որ նրանց վրա ճնշումը շատ ուժեղ է, և նրանք կարող են կիրառել թվային տեխնոլոգիաներ՝ համացանցը, կիբերտարածությունը. այնպիսի միջոցներ, որոնք 20 տարի առաջ չեն եղել»,- ասել է Շ. Ռիորդանը և ավելացրել, որ նոր դիվանագիտության մեջ միայն կառավարությունը չէ, որ կիրառում է այս թվային միջոցները, կան բազմաթիվ դերակատարներ, որոնց կառավարությունը պարզապես պետք է հնարավորություն տա թվային դիվանագիտությամբ զբաղվելու և միջազգային հարթակում գործունեություն ծավալելու:

Խոսելով Արցախում կիրառվող թվային դիվանագիտության մասին՝ դիվանագետն ասել է, որ երևույթն արդեն նկատելի է, բայց զարգանալու տեղ ունի:

Հանդիպմանը բանախոսն ուսանողներին տվել է «Հիբրիդային դիվանագիտության ռազմավարությունն Արցախում» թեմայով առաջադրանք` ծանոթանալու համար նրանց մոտեցումներին Արցախի ճանաչման գործում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում