Ահաբեկչություն Նյու Յորքում. զոհվել է 8 մարդ

Միացյալ Նահանգների Նյու Յորք քաղաքում հոկտեմբերի 31-ին տղամարդը փոքր բեռնատար մեքենայով մեծ արագությամբ քշել է Մանհեթնի անցորդների և հեծանվորդների վրա: Մեքենան մի քանի թաղամաս սլացել է հեծանվորդների համար նախատեսված ճանապարհով և կանգ է առել միայն դպրոցական ավտոբուսին բախվելուց հետո: Կատարվածի հետևանքով զոհվել է 8 մարդ, վնասվածքներ են ստացել ավելի քան 12-ը:

Տեղական իշխանությունները կատարվածն արդեն ահաբեկչություն են որակել:

Երբ տղամարդը զենքը ձեռքին դուրս է եկել մեքենայից, ոստիկանները նրա դեմ կրակ են բացել՝ վիրավորելով ահաբեկչին: Վերջինս տեղափոխվել է հիվանդանոց:

Ամերիկյան CNN հեռուստաընկերության տվյալներով՝ հանցագործը, դուրս գալով մեքենայից բղավել է «Ալլահ աքբար»: Ավելի ուշ հայտնի է դարձել, որ նրա մոտ եղել է գրություն, որում նշված է եղել, թե ինքը գործել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անունից:

Բելգիայի և Արգենտինայի արտգործնախարարություններից հայտնել են, որ զոհերի թվում կան իրենց երկրների քաղաքացիներ:

Ամերիկյան լրատվամիջոցներն ավելի ուշ հայտնել են, որ ահաբեկչության հեղինակը 29-ամյա ուզբեկ Սայֆուլլո Խաբիբուլաևիչ Սաիպովն է: Նա ԱՄՆ է տեղափոխվել 2010 թվականին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում