Հինգ և ավելի երեխա ունեցող արցախյան ավելի քան 30 ընտանիք տուն է ստացել «Հայաստան» հիմնադրամի կողմից

Արցախում բազմազավակ` 5 և ավելի երեխա ունեցող 34 ընտանիք մինչ այս պահը տուն է ստացել «Հայաստան» համահայկական հիմնադրամի նվիրատուների շնորհիվ: «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը` նշելով, որ այս ծրագրով մոտ 4 օր առաջ 7 տուն է տրամադրվել: «Այս ծրագրով մինչ այս պահը տրամադրվել է 34 տուն, շուրջ 10 տան կառուցումն ընթացքի մեջ է, ունենք պայմանավորվածություններ բարերարների հետ նոր տների կառուցման հետ կապված»,-ասաց Վարդանյանը:

Նրա խոսքով` նշյալ ծրագիրը «Հայաստան» հիմնադրամի կողմից որդեգրված մյուս խոշոր ծրագրերի հետ շարունակական բնույթ ունի: «Արցախի բազմազավակ 5 և ավելի երեխա ունեցող ընտանիքների համար տների տրամադրման ծրագիրը շարունակական է: Բայց բոլորս պետք է գիտակցենք, որ այս ծրագիրը հայտարարելուն պես բոլոր չորս երեխա ունեցողները ցանկություն են հայտնել ունենալ հինգ երեխա»,-ասաց Արա Վարդանյանը` նկատելով, որ այս ծրագիրը չի կարող ավարտվել, քանի որ բազմազավակ ընտանիքների քանակն է ավելանում:

Հիմնադրամի տնօրենի խոսքով` Արցախում բնական աճի վրա ազդում է նաև հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ, ռուսաստանաբնակ Սամվել Կարապետյանի ծրագիրը, որով Արցախում չորրորդ երեխային ունեցող յուրաքանչյուր ընտանիքի դրամական օգնություն է ցուցաբերվում: «Այս ծրագիրը, որը մեր միջոցով է իրականացվում, լուրջ խթան է հանդիսանում Արցախում մարդկանց բնական աճի տեսանկյունից»,-ավելացրեց մեր զրուցակիցը:

Արցախում 5 անչափահաս երեխա ունեցող ընտանիքներին բնակելի տներով ապահովելու ծրագիրը ներառվել էր «Հեռուստամարաթոն-2015»-ի ծրագրում` կարևորելով բազմազավակ ընտանիքների սոցիալ-կենցաղային պայմանների և ժողովրդագրական իրավիճակի բարելավման հարցը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում