Վարչապետը հանձնարարեց ուղիներ գտնել պահպանելու խմելու ջրի սակագինը

ՀՀ վարչապետ կարեն Կարապետյանը հանձնարարեց ներկայացնել խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցման գործող մանրածախ սակագների պահպանման վերաբերյալ համապատասխան որոշման նախագիծ: Կառավարության նիստում վարչապետը հիշեցրեց, որ 2017 թվականի օգոստոսի 7-ին «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ն դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ սակագների վերանայման հայտով, որով առաջարկել է խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցման սակագինը 2018 թվականի համար ավելացնել 14.3 դրամով: Նշված հայտը ներկայումս գտնվում է Հանձնաժողովի կողմից ուսումնասիրության փուլում:

«Հայտի ուսումնասիրության արդյունքների ամփոփումից հետո եթե Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը կայացնի որոշում՝ 2018 թվականի համար խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցման սակագների բարձրացման վերաբերյալ, ապա Կառավարությունը անհրաժեշտ է համարում «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի հետ համատեղ Վարձակալության պայմանագրի սահմաններում գտնել մանրածախ սակագների պահպանման ուղղությամբ լուծումներ: Ելնելով վերոնշյալից՝ հանձնարարում եմ Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին՝ 20-օրյա ժամկետում սակագնի փոփոխության դեպքում համատեղ աշխատելով «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի հետ այդ թվում քննարկելով կազմակերպության կողմից վճարվող վարձակալության վճարի գումարները և համագործակցելով Ֆինանսների նախարարի և Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի հետ՝ Կառավարության աշխատակազմ ներկայացնել՝ խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցման գործող մանրածախ սակագների պահպանման վերաբերյալ համապատասխան որոշման նախագիծ»,- ասաց վարչապետը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում