Բերման ենթարկված անձը 4 ժամվա ընթացքում պետք է ձերբակալվի՝ հակառակ դեպքում ազատ կարձակվի

ՀՀ կառավարությունը հավանություն տվեց Քրեական դատավարության օրենսգրքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին: ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը նշեց, որ փոփոխությունները վերաբերում են բերված անձի իրավունքներին և կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու հարցերին:

«Բանն այն է, որ բերված անձը մինչև ձերբակալվածի կարգավիճակ ստանալը գտնվում է բավականին անպաշտպան վիճակում: Մենք նախատեսում ենք, որ բերված անձը 4 ժամվա ընթացքում պետք է ստանա ձերբակալվածի կարգավիճակ, հակառակ դեպքում` պետք է ազատ արձակվի: Սա լուրջ խթան է, որպեսզի մենք պաշտպանենք այդ անձանց իրավունքները: Բացի այդ, մինչև ձերբակալվածի կարգավիճակ ստանալը, մենք նախատեսում ենք մի շարք իրավունքներ, որոնցից անձը պետք է օգտվի: Դրանք են` իմանալ ազատությունից զրկվելու պատճառը, պահպանել լռություն, ստանալ իր իրավունքների մասին բանավոր պարզաբանում, գրավոր ծանուցում և պարզաբանում, իր ընտրած անձին տեղեկացնել իր գտնվելու վայրի մասին, հրավիրել փաստաբան և իր պահանջով ենթարկվել բժշկական հետազոտության», –  ասաց Դավիթ Հարությունյանը՝ ընդգծելով, որ առաջարկվող փոփոխություններով նախատեսվում է նաև ձերբակալման դատական բողոքարկման հստակ ընթացակարգ:

«Դա նախատեսում է նաև արտառոց դեպք, երբ ներկայացվում է հիմնավոր պատճառ, առերևույթ հիմքեր, որ կա վատ վերաբերմունքի վտանգ, ապա դատարանը պետք է բողոքը քննի անհապաղ»,- ասաց նախարարը:

Անդրադառնալով կալանավորմանը՝ Հարությունյանն ասաց, որ ներկա օրենսդրությամբ անձի նկատմամբ կալանավորումը կարող է որպես խափանման միջոց կիրառվել այնպիսի հանցագործությունների համար, որոնց պարագայում ազատազրկման ձևով պատժի առավելագույն ժամկետը մեկ տարուց ավելի է, կամ բավարար հիմքեր կան ենթադրելու, որ մեղադրյալը կարող է կատարել մի շարք գործողություններ` հատկապես խոսքը վերաբերում է թաքնվելուն, նոր հանցանք կատարելուն:

«Այս «կամ»-ն իրականում շատ է բացում դաշտը: Այդ «կամ»-ը փոխելով «և»-ով՝ մենք իրապես փոխում ենք իրավիճակը: Այսինքն՝կալանավորման որոշում կայացնելու համար պետք է առկա լինի մեկ տարուց ավելի ազատազրկման պատժով հանցագործություն և մյուս երկու հիմքերից գոնե մեկը», – ասաց Դավիթ Հարությունյանը՝ ավելացնելով, որ ներկայացված նախագծով կարգավորվում է նաև, թե դատավարության, որ մասնակիցները, որ դեպքում կարող են հրաժարվել ցուցմունք տալուց և հստակեցվում է` որոնք են համարվում քրեադատավարական օրենքի խախտմամբ ձեռք բերված ապացույցները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում