Գերմանացի պատգամավորն այցելել է Արցախ

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի խմբակցությունների ներկայացուցիչները նոյեմբերի 2-ին հյուրընկալել են Գերմանիայի Բադեն-Վյուրթեմբերգ երկրամասի պատգամավոր, «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության խորհրդարանական խմբակցության անդամ Լարս Պատրիկ Բերգին, ով նախօրեին Ստեփանակերտ է ժամանել Գերմանիայում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Հարություն Գրիգորյանի ուղեկցությամբ: Այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի մամուլի ծառայությունից:

Գերմանացի պատգամավորը հետաքրքրվել է Արցախի խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերի դասավորվածության և գաղափարական ուղղվածության մասին, ինչպես նաև որոշակի տեղեկատվություն հաղորդել Գերմանիայում իր կուսակցության ունեցած քաղաքական դերի վերաբերյալ:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ներկայիս աշխարհաքաղաքական փոփոխությունները, մասնավորապես անդրադարձել Եվրոպայում տեղի ունեցող ինքնորոշման գործընթացներին: Մտքեր են փոխանակվել նաև Գերմանիայում Արցախի վերաբերյալ հավաստի տեղեկատվության տարածման վերաբերյալ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում