«Հրապարակ». Ծառուկյանը «Մուլտի գրուպ»-ի աշխատանքները վերահսկելու համար աուդիտորական կազմակերպություն է ստեղծել

«Հրապարակ»-ի տեղեկություններով` Գագիկ Ծառուկյանը մայիսին, խորհրդարանական ընտրություններից անմիջապես հետո, ստեղծել է աուդիտորական կազմակերպություն, որը պետք է վերահսկի «Մուլտի գրուպ» կոնցեռնի աշխատանքները:

«Ընտրություններից, կորցրած փողերից հետո Ծառուկյանն այլևս չի՞ վստահում որևէ մեկին, այդ թվում և կոնցեռնի գլխավոր տնօրեն Սեդրակ Առուստամյանին՝ հարցրինք ԲՀԿ մեր աղբյուրին։ «Չկա նման բան, Առուստամյանը Ծառուկյանի կողքը կանգնած մարդ է, երեկ, օրինակ, Պրահա էր մեկնում, ինքն էր ճանապարհում, Ծառուկյանը պարզապես ցանկանում է հասկանալ, թե ինչ է կատարվում իր հիմնարկներում»: Հիշեցնենք, որ կոնցեռնի մեջ մտնում են մոտ 50 ձեռնարկություններ, որոնցում նաև ՊԵԿ-ն է «աուդիտ» անցկացնում:

Ծառուկյանի ստեղծած տնտեսագետների և աուդիտորների խումբը ղեկավարում է Վերահսկիչ պալատի երբեմնի իրավաբանական վարչության պետ, նախկին սոցապնախարար Արթուր Գրիգորյանը, որն այդ պաշտոնին է նշանակվել ԲՀԿ-ական Աբրահամ Մանուկյանի «քավորությամբ»,-գրել է թերթը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում