Հայաստանն Իրանից ներմուծվող գազի ծավալներն ավելացնելու հնարավորություն կունենա

Հայաստան-Իրան երրորդ բարձրավոլտ էլեկտրական կայանի շինարարության ավարտից հետո Հայաստանը հնարավորություն կունենա ավելացնել Իրանից գազի ներմուծման ծավալները: Ազգային ժողովում ՀՀ 2018թ. պետական բյուջեի նախագծի քննարկմանն այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը:

«Երբ մենք ավարտենք այդ կայանի շինարարությունը, հնարավորություն կունենանք ավելացնել իրանական գազի ներմուծման ծավալները: Այս պահին այն խողովակը, որով մենք Իրանից գազ ենք ստանում, օգտագործվում է 20-25 տոկոսով: Մենք հիմա ի վիճակի չենք ավելին օգտագործել, որովհետև կա պայմանավորվածություն՝ մենք Իրանին տալիս ենք էլեկտրաէներգիա, նրանք մեզ դրա դիմաց՝ գազ: Այս պահին մեր հզորությունները բավարար չեն, որպեսզի նրանց ավելի շատ էլեկտրաէներգիա տանք, ինչի դիմաց կարող ենք գազի ներմուծման ծավալներն ավելացնել»,- ասաց փոխնախարարը:

Նա հավելեց, որ նոր բարձրավոլտ էլեկտրական կայանի կառուցումը հնարավորություն կտա Իրան ավելի շատ էլեկտրաէներգիա մատակարարել, ինչի դիմաց Հայաստանն ավելի շատ գազ կստանա Իրանից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում