Սերժ Սարգսյանը լավագույնն է տիրապետում ԼՂ հակամարտության կարգավորման նրբություններին

Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը կիսում է ՀՀԿ-ական գործիչների կարծիքները, որ չկա մեկը, ով ավելի լավ է տիրապետում Հայաստանի անվտանգության ապահովման և ղարաբաղյան հակամարտության կարգավորման նրբություններին, քան ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը: «Մեր անվտանգության, Ղարաբաղի խնդրի կարգավորման հարցում չկա մեկ այլ անձնավորություն, ով այդքան տիրապետում է բոլոր նրբություններին, գիտի բանակցային գործընթացը, գիտի՝ ինչ է կատարվում Մինսկի խմբում, ինչպիսին է Ադրբեջանի վերաբերմունքը և այլն, և այլն: Կարծում եմ, որ մենք՝ ի դեմս մեր նախագահի, ունենք ղարաբաղյան խնդրի, պաշտպանության, անվտանգության ապահովման հարցում բավականին հզոր մեկը»,- Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Հակոբյանը:
Նա նշեց, որ 2018թ. վարչապետի պաշտոնում թեկնածուի հարց ՀՀԿ-ում դեռ չեն քննարկել:

Հրանուշ Հակոբյանը գնահատական տվեց նաև վարչապետ Կարեն Կարապետյանի աշխատանքին: Նրա կարծիքով՝ Կարեն Կարապետյանը լավ է աշխատում: «Կարծում եմ՝ ավելորդ լարվածություն եք մտցնում, եկեք խոսենք գործերի, ծրագրերի մասին: Ամեն ինչ անձնավորում եք»,- եզրափակեց նախարարը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում