Շփման գծում հետաքննության մեխանիզմների ներդրումն Ադրբեջանի միջազգային պարտավորությունն է

Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրումն Ադրբեջանի միջազգային պարտավորությունն է՝ սկսած 1995թ.-ից: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը: «1995թ. Հայաստանի, Ադրբեջանի և Արցախի Հանրապետության միջև եռակողմ համաձայնագիր է ստորագրվել, որը խոսում է կրակի ռեժիմի դադարեցման ամրապնդման և շփման գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրման մասին: Այսինքն, այդ մեխանիզմների ներդրումն Ադրբեջանի միջազգային պարտավորությունն է»,- շեշտեց Քոչարյանը:

Շավարշ Քոչարյանը հիշեցրեց, որ տարբեր առիթներով հայկական կողմը բարձրացրել է հետաքննության մեխանիզմների ներդրման անհրաժեշտության մասին, նույնիսկ եղել են պայմանավորվածություններ, որ պետք է ներդրվեն այդ մեխանիզմները, սակայն Ադրբեջանը խոչընդոտել է: Մենք պնդելու ենք, որ Ադրբեջանը կատարի իր միջազգային պարտավորությունը: Սա նախապայման չէ, որովհետև, ինչպես ասացի, Ադրբեջանի միջազգային պարտավորությունն է, որը պետք է կյանքի կոչվի»,- ընդգծեց Քոչարյանը:

Փոխնախարարը նաև հստակեցրեց, որ առանց Արցախի Հանրապետության մասնակցության որևէ մեկը չի կարող Արցախի կարգավիճակի և տարածքային ամբողջականության հետ կապված որոշումներ կայացնել: «Սա շատ լավ գիտակցում են միջնորդները և պատահական չէ, որ միշտ ասում են, որ երբ կգա օրը, երբ կոնկրետ բանակցությունները պետք է առաջ շարժվեն, առանց Արցախի մասնակցության դա անհնար է»,- ասաց ՀՀ ԱԳ փոխնախարարը:

Շավարշ Քոչարյանն ասաց, որ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացը քանդելն Ադրբեջանի երազանքն է: «Բանակցային ձևաչափը մեզ հայտնի է, որտեղ միջնորդներ են ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամ երեք երկրներ, որոնց խնդիրը նաև խաղաղության ապահովումն է: Հասկանալի է, թե ինչ զսպաշապիկ է սա Ադրբեջանի համար, որը խոսում է ուժային լուծումների մասին: Դրա համար էլ նրանք ցանկանում են քանդել բանակցային ձևաչափը: Բայց մենք նրանց ջրաղացին ջուր չենք պատրաստվում լցնել: Մենք ասում ենք, որ եթե հակամարտությունը չի կարգավորվում, դրա մեղավորը ոչ թե միջնորդներն են, այլ Ադրբեջանը»,- ընդգծեց փոխնախարարը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում