Չափազանց շահագրգռված ենք Հայաստանի զարգացման գործում մեր սփյուռքահայության մասնակցությամբ

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, Ուզբեկստան այցի շրջանակում, այցելել է Տաշքենդի հայկական Սուրբ Փիլիպոս եկեղեցի ու հանդիպել հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, զրույցի ընթացքում վարչապետը ներկայացրել է կառավարության գործունեության հիմնական ուղղությունները, խոսել երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարների մասին ու այդ գործում կարևորել համայնքի դերակատարությունը:

«Չափազանց շահագրգռված ենք Հայաստանի զարգացման գործում մեր սփյուռքահայության մասնակցությամբ: Մենք շատ երկրների հետ բարեկամական հարաբերություններ ենք կառուցել՝ օգտագործելով մեր սփյուռքի ներուժը: Երկրների ղեկավարության հետ հանդիպման ժամանակ միշտ նշում ենք այն, որ մեր հայրենակիցներն իրենց երկրների օրինապաշտ քաղաքացիներն են, բայց միաժամանակ պատմական հայրենիքը չեն մոռանում, և դրանում շատ մեծ ներուժ կա: Քայլեր ենք ձեռնարկելու երկկողմ կապերի ակտիվացման ուղղությամբ, և հուսով ենք, որ դուք Հայաստանի հետ ձեր կապն ակտիվ կպահեք: Դուք մեր դեսպաններն եք Ուզբեկստանում ու Ուզբեկստանի դեսպանները կարող եք լինել Հայաստանում», – ասել է Կարեն Կարապետյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում