Ս. Սարումյանի «Ստվերներով լի քաղաքը» արդեն հասանելի է ընթերցողներին

Սուրեն Սարումյանի երկու տարվա մտորումներն ամբողջանալով «Ստվերներով լի քաղաքը» գրքի մեջ՝ այսօր հանձնվեցին ընթերցողի դատին։ 14 պատմվածքներից բաղկացած ժողովածուն սյուժետային ընդհանրություն չունի. այստեղ գլխավոր դերում մարդն է՝ իր պատկերացումներով, աշխարհայացքով, հասարակական պարտադրանքներով։ Թե որ քաղաքի ստվերներն են նկարագրված այս գրքում, հեղինակը թողնում է ընթերցողին. յուրաքանչյուրի դեպքում իր քաղաքը կարող է լինել։ Կոնկրետ Ս. Սարումյանի դեպքում դա և´ Ստեփանակերտն է, և´ Երևանը։ Գիրքը հանձնելով ընթերցողին ու նրան տալով այն յուրովի մեկնաբանելու հնարավորություն՝ Սուրեն Սարումյանն ընդամենը մի քանի բառով նկարագրեց ստվերների մասին սեփական ընկալումը. «Ստվերները մեր պատկերացումներն են, երբեմն՝ հենց մարդիկ, այն հասարակության պարտադրանքն է։ Ստվերները իրական ու անիրական հարափոփոխ երևույթներն են, որոնք հաջորդում են իրար»։

Գրքի խմբագիր Հասմիկ Հակոբյանը հեղինակի նկարագրած ստվերների մեջ առկայծող լույսեր է տեսնում, որոնք տարբեր պատմվածքներում տարբեր դրսևորումներով ու կերպարներով են հանդես գալիս. «Ստվերներով լի քաղաքում հանկարծ առկայծում են լույսեր՝ մի դեպքում փոքրիկ աղջկա, մեկ այլ դեպքում՝ մանուշակագույն զգեստով կնոջ կերպարով։ Լույսի բռնկումները մարդկանց տեսքով են ու լուսավորում են ամբողջ ընթացքում։ Այստեղ շոշափվում է մարդու՝ հասարակությունից վտարված լինելը, ինչը հասարակական էակի համար ամենամեծ պատիժն է»։

Սյուժեները, ինչպես նկատում է Հասմիկ Հակոբյանը, գրքի հեղինակը կառուցում է ոչ ստանդարտ ձևով. պատմվածքի դասական ոճից տարբերվող ինքնատիպ ձեռագրով Սուրեն Սարումյանը կազմաքանդում է պատմվածքի դասական կառույցները։ Դա ընթերցողին երբեմն հաճելի կթվա, երբեմն էլ՝ անսպասելի ավարտով անակնկալի կբերի։

Սեփական հողի վրա կանգնած սեփական ազատության համար պայքարող գրողը չէր կարող չանդրադառնալ պատերազմի թեմային։ Եվ խմբագիրը պատահական չի համարում այն, որ որոշ դեպքերում պատերազմի ձայներն ու պատկերները լսելի ու տեսանելի են։ Դա հատկապես վառ է արտահայտված «Պատերազմի դեմքը» էսսեատիպ պատմվածքում. «Այն հայրենասիրական գրականության ինքնատիպ արտածում է։ Հայրենասիրության մասին կա´մ պաթետիկ են խոսում, կա´մ էլ ժխտում են, բայց այստեղ սահմանին կանգնած մարդը չի ուզում հայրենասեր լինել, չի ուզում պատերազմել, բայց ստիպված է, քանի որ թիկունքում իր ընտանիքն է։ Դա պատերազմող մարդու բնական ձայնն է, նրա մտորումները։ Այստեղ չկա ո´չ պաթետիզմ , ո´չ մերժողականություն, սա հենց իրական հայրենասիրությունն է»։

«Ստվերներով լի քաղաքը» ժողովածուի մի քանի պատմվածքներում լսվող պատերազմի ձայնը բնական է, քանի որ, թեկուզ գիրքը գրվել է երկու տարվա ընթացքում, բայց նրա որոշ ազդակներ գալիս են հեղինակի մանկությունից։

Այս ամենով հանդերձ՝ հեղինակը ընթերցողներին որևէ սահմանափակման մեջ չի դնում, քանի որ, ըստ նրա, գրքի ընթերցողը հավասարապես դառնում է համահեղինակ և այնտեղ ներկայացվածը կարող է ընկալել ու մեկնաբանել այնպես, ինչպես ինքն է ցանկանում։

Բացի «Ստվերներով լի քաղաքը» գրքի շնորհանդեսից, այսօր Նոյան տապան գրախանութում ցուցադրված էին նաև Ս. Սարումյանի լուսանկարները, որոնք արվել են տարբեր ժամանակներում։ Դրանցից մեկն էլ, որը արվել է պատահականորեն և ամբողջովին համապատասխանում է պատմվածքների հիմնական գծին, տեղ է գտել գրքի շապիկին։

Նշենք, որ Սուրեն Սարումյանի առաջին գիրքը՝ «Աբու Բաքր ալ-Բաղդադին» լույս է տեսել 2015թ., որտեղ գեղարվեստորեն արտացոլվել են մեր տարածաշրջանում և Մերձավոր Արևելքում վերջին տարիներին տեղի ունեցող ռազմաքաղաքական իրադարձությունները։

Հետևեք մեզ նաև Telegram-ում